Մալաթիա-Սեբաստիան կունենա ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Շահումյան” տեղամասի մասնագետները ավարտում էին հունիսի 20-ին սկսված աշխատանքները:
Մասնագետների հավաստմամբ՝ Մալաթիա-Սեբաստիայի մի շարք տարածքներ այսուհետ կունենան ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում :
՛՛Բանն այն է, -ին հաղորդում են ՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերության հաղորդակցության բաժնից, – որ նշված փողոցին զուգահեռ ծառուղիներով ձգվում է 300մմ տրամագծով մոտ 400մ երկարությամբ խողովակաշար, որի միջոցով իրականացվում է հարակից բարձրահարկ շենքերի եւ տարածքների ջրամատակարարումը: Անցած տասնամյակների ընթացքում ջրագիծը ֆիզիկապես մաշվել է, ինչի պատճառով եւ´ զգալի ջուր է արտահոսում, եւ´ ջրի ճնշումն է նվազում, եւ´ ջրամատակարարումը դառնում անկանոն:
Տվյալ խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է ընդունել շենքերի ներբակային ցանցը ապամոնտաժել նշված խողովակից եւ միացնել Շերամի փողոցի 700մմ տրամագծով ջրատարին, որը ջուր է ստանում “Լուկաշին” օրվա կարգավորման ջրամբարից:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ կատարվել էր աշխատանքների առաջին փուլը եւ որոշ բարձրահարկեր արդեն միացվել էին մայրուղային ջրատարին: Չորեքշաբթի եւս երեք նորաստեղծ դիտահորերում տեղադրվում էին փականներ ու իրականացվում կարգաբերման աշխատանքներ: Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանի, աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի եւ արդեն վաղը մոտ 2000 բաժանորդներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք տարածքներում կունենան ավելի կայուն ու բարձր ճնշումով ջրամատակարարում՛՛: