Մոտավոր պատկերացումն ունենք՝ ինչի հիման վրա է որոշվել, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածներն ադրբեջանական են
Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել՝ որ հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են։
Գրիգորյանը նկատեց՝ ողջամտության տրամաբանության և 1920-ականների քարտեզի, թեպետ սահմանազատում դեռ չի էլ իրականացել։
«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այսինքն, հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք պատկերացումն ունենք այդ սահմանի, որի հիմքը 1920-ականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցնելու համար առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք», – ասաց Գրիգորյանը։