«Պատասխան տվեք ձեր դավաճանական արարքների համար». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում։
Նրանք կառավարությունից պատասխան են պահանջում, թե ով կամ ինչու է թույլ տվել, որ Գորիս-Կապան ճանապարհն այլևս թշնամական հսկողության տակ է անցել։
«ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ՝ մաքսակետ։ Ավելին, հպարտանում են, որ իրենք են թույլ տվել։ Մեր ամեն մեկի պարտքն է պատասխան պահանջելու այն դավաճանական գործողությունների համար, որի հետևանքով այսօր Հայաստանի հարավը կտրվել է մնացյալ ամբողջ երկրից, երբ շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իրենք շարունակում են հպարտանալ, թե բերել են խաղաղություն։ Նրանք բերել են ստրկություն, պարտություն, նվաստացում», – ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց, թե Աժ-ում ունեն այս հարցերը տալու և պատասխաններ պահանջելու հնարավորություն, բայց քանի որ հարցը հրատապ է, նույն հարցնն ուղղում են կառավարության դիմաց և ակնկալում են, որ կառավարությունից պետք է իջնեն և պատասխան տան։
«Պատասխան՝ իրենց դավաճանական արարքների համար», – ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ երեկ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։