«Իշխանությունը մեկ նպատակ ունի՝ մաքրել կապիտուլյանտին այս գործընթացում». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում մեղսակիցները չեն կարող քննել տեղի ունեցած հանցագործությունը։
«Այդ հանձնաժողովում ներգրավվել պարտության խոսնակ, հազար տերեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը՝ Արծրուն Հովհաննիսյանին, ցինիզմի գագաթնակետն է։ Սա նույնն է, որ Չիկատիլոյին ներգրավես կանանց նկատմամբ բռնությունը կանխագրելող հանձնաժողովի կազմում։ Ես երբեմն մտածում եմ, որ իշխանությունները սկսում են բաներ անել հատուկ ժողովրդին ջղայնացնելու համար և ապացուցելու, որ դա էլ կարող են անել ու մնալ անվնաս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովի աշխատանքներին, Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ ամեն ինչ գնում է նրան, որ այդ հանձնաժողովի միակ նպատակը լինելու է՝ գտնել և նշանակել մեղավորներ, ամենայն հավանականությամբ, հայոց բանակից, ինչը տեսանելի էր Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից։
«Քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիք է, որովհետև ընդդիմությունը չունի ուժայիններ, քննչական մարմիններ, իսկ իշխանությունը դա ունի։ Եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր 44-օրյա պատերազմի ընթացքում այս կամ այն գործընթացի վերաբերյալ, ինչո՞ւ իշխանությունը պետք է ևս մեկ ինստիտուտ հիմնի, սա ինձ համար անհասկանալի է։ Թե ինչու է իշխանությունը որոշել աշխատել ընդդիմության գործիք հանդիսացող քննիչ հանձնաժողովով, հստակ պարզ է, որպեսզի նշանակի մեղավորներ և պատասխանատվությունն ու մեղքը գցի իրենց վրայից, ինչը չի հաջողվելու։ Իշխանությունը մեկ նպատակ ունի՝ մաքրազարդել կապիտուլյանտին այս գործընթացում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։