22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ձեզ թվում ա՝ կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կոռուպցիան։

Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր, 21.05.2014

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

Էգեյան ծովի Միկոնոս կղզին մագնիսի պես ձգում է աշխարհի հայտնիներին ու հարուստներին: Աթենքից 150 կմ հեռավորության վրա գտնվող կղզին զբոսաշրջիկներին սկսել է գրավել 1920-ականներից, երբ հնագետներն ու անտիկ իրերի «որսորդները» այն բազա էին դարձրել՝ հարեւան Դելոս կղզու հնավայրեր այցելելու համար: Տարիներ անց այստեղ տեսան ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու այրուն՝ Ժակլինին, եւ նրա երկրորդ ամուսնուն՝ հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսին: Հետո հերթը հասավ կինոաստղերին՝ Գրեյս Քելի, Բրիջիթ Բարդո, Սոֆի Լորեն: Լողափերով եւ յուրահատուկ խոհանոցով հայտնի Միկոնոսը երբեմն անվանում են նաեւ «քամիների կղզի», քանի որ այստեղ բավականին ուժեղ քամիներ են փչում, բայց դա չի խանգարում, որ հատկապես գիշերները տեղական ակումբներն ու ռեստորանները եռան զվարճացող այցելուներով:

Իսկ հայտնի այցելուների պակաս Միկոնոսը վերջին տասնամյակներում չի ունեցել. Մարլոն Բրանդո, Էլիզաբեթ Թեյլոր, Շերոն Սթոուն, Մել Գիբսոն, Փերիս Հիլթոն, Լեոնարդո Դի Կապրիո, Լինդսի Լոհան, Քեյթ Մոս…

Հայաստանի օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին, Էդուարդ Աղաջանյանին ու Հրաչյա Հակոբյանին այդ աստղերի շարքին չես դասի, նրանց դրսում գրեթե ոչ մեկ չի ճանաչում, եւ պապարացիներն ու «շարքային» տուրիստները նրանց չեն լուսանկարում ծովափում կամ փողոցում: Բայց այս անգամ եղավ հակառակը՝ հայ պատգամավորների զվարճանքները հայտնվեցին համացանցում:

Երբ օրեր անց ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սիմոնյանը, ով նախաձեռնեց եռակի բարձրացնել զրպարտության եւ վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափերը, վերջին ամիսներին իր մասին քննադատական հրապարակումները ջանասիրաբար տեղավորում է դեղին մամուլի ու ստերի տիրույթում: Մեծ հաշվով, նրա իրավունքն է անձնական կյանքի վերաբերյալ հարցերին չպատասխանելը, բայց ցանկացած ժողովրդավար հասարակությունում հանրային ծառայողները խոշորացույցի տակ են, ինչը նորմալ է. նրանք աշխատավարձ են ստանում հանրության վճարած հարկերից գոյացող պետբյուջեից, հետեւաբար պաշտոնյայի ծախսերի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն էլ հիմնավոր է ու տրամաբանական:

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային երկու հավաքի: Դրա կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը «Հետքին» հայտնել է, որ մինչեւ Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինստագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ գրելով՝ «3 օր հանգիստ, երեք տարի անց»:

Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում են եղել ամսի 6-ին նախորդող օրերին: Մեր հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։ Այսկերպ նա պատասխանել է մեր 12 հարցից 5-ին:

 

Աղմուկ հանած տեսանյութը, որում պարում են ԱԺ խոսնակն ու վարչապետի աներորդի Հ. Հակոբյանը, նկարվել է սեպտեմբերի 4-ին: Տեսանյութը մոնտաժված է, բայց դրա մի դրվագում տեսանելի է ամսաթիվը: «Հետքը» պարզել է, որ տեսանյութում Միկոնոսի հյուսիսում գտնվող Պանորմոս ծովածոցի «Պրինսիպոտե» ռեստորանն է, որն ունի նաեւ լողափ՝ իր հարմարություններով (ինստագրամյան իր էջում այս լողափից լուսանկար է հրապարակել Սիմոնյանի կինը): Օնլայն ամրագրումների tripadvisor.com կայքում զգալի են բողոքներն այս ռեստորանի ու լողափի ծառայությունների վատ որակից եւ թանկ գներից: Ալեն Սիմոնյանը չի պատասխանել հարցին, թե ինչ կարծիք ունի ինքը, եւ արդյոք ԱԺ նախագահի համար մատչելի էր «Պրինսիպոտեն»:        

Ռեստորանի տեսանյութում պարելիս երեւում են ոչ միայն Սիմոնյանն ու Հակոբյանը, այլեւ ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից կրտսերը՝ Վիգենը: Տեսանյութում նա սեւ-սպիտակ գլխարկով է, որը կարելի է տեսնել նաեւ գործարարի ֆեյսբուքյան նկարներում:

Սեպտեմբերի 5-ին համացանցում տարածվեցին նաեւ լուսանկարներ, որտեղ երեւում են կղզու ամենամեծ քաղաքի՝ Միկոնոսի «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ կանգնած Սիմոնյանը (հավանաբար, կնոջ հետ), Աղաջանյանը, Հակոբյանն ու Վիգեն Բադալյանը:

Ակումբն առաջարկում է տարբեր հարմարություններ՝ բար եւ պարահրապարակ, առանձին սեղաններ, VIP սրահ՝ առանձին DJ-ով եւ բարով: Ակումբի մուտքի գինը մեկ անձի համար 20-25 դոլար է, համերգներից շատերի համար վաճառվում են տոմսեր (30-35 դոլար), սակայն, կախված DJ-ի կամ կատարողի հայտնի լինելուց, այդ արժեքը բարձրանում է:

Ակումբում գործում է դրես կոդ: Մեկ կոկտեյլի գինն այստեղ 10-15 դոլար է, խմիչքի ամբողջ շշինը՝ 300-500 դոլար, կա նաեւ «bottle service», որը համարվում է ակումբի ծառայություններից օգտվելու եւ նախապես տեղ ամրագրելու լավագույն հնարավորությունը: Եթե սովորական այցելության դեպքում ակումբի հաճախորդները ծախսում են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դոլար, ապա «bottle service»-ի պարագայում ծախսերը բազմապատիկ ավելի են:

Թե որտեղ է ժամանակ անցկացրել ԱԺ նախագահը, ակամա օգնել են պարզել ինքն ու կինը՝ «Ինստագրամում» նկարներ հրապարակելով կղզու տարբեր կետերից: Սիմոնյանի հրապարակած լուսանկարն արվել է Միկոնոսի հարավային Օրնոս ծովածոցի մոտ: Այդտեղից լուսանկարներ է տեղադրել նաեւ պաշտոնյայի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Դրանց տեղորոշումը թույլ է տալիս ասել, որ ԱԺ խոսնակը ժամանակ է անցկացրել «Marriott» համաշխարհային ցանցի «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրում, որն Օրնոս ծոցի ափին առաջարկում է հյուրանոցային համարներ ու վիլլաներ, սպա կենտրոն, բարեր եւ ռեստորան, ընդհանուր լողավազան եւ լողափ: Ալեն Սիմոնյանի կնոջ հրապարակած լուսանկարներն արվել են հյուրանոցային համարներից մեկի բացօթյա պատշգամբում եւ «Buddah-Bar»-ում: Վերջինս եւս համաշխարհային ցանց է՝ ներկայացված տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Միկոնոսում: Այն առաջարկում է ասիական խոհանոց եւ ծովամթերքներ: Օրինակ՝ սեւ խավիարի 28 գրամը 280 եվրո է, մեկ անձի համար ճաշի արժեքը՝ 107-150 եվրո:

Սիմոնյանը չի ասում, թե ինչ ավիաընկերությամբ է Երեւանից մեկնել Միկոնոս, այնտեղից՝ Վիեննա, ապա վերադարձել Երեւան: Չի պարզաբանում նաեւ, թե ինչ դասի տոմսով է ուղեւորվել՝ էկոնո՞մ, թե՞ բիզնես: «Հունաստան, այնտեղից էլ Ավստրիա մեկնել եմ իմ անձնական միջոցներով: Վիեննայից Երեւան եմ վերադարձել ՀՀ կառավարության 2005 թ. 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- «Հետքին» հայտնել է պաշտոնյան։ Կառավարության այդ կարգը գործուղման մեկնած աշխատողների ծախսերի փոխհատուցման մասին է, այսինքն՝ ըստ Սիմոնյանի՝ միայն Վիեննայից իր վերադարձն է վճարվել պետբյուջեից:

Պաշտոնյան չի մեկնաբանել մեր հարցը, թե ովքեր են եղել սեպտեմբերի 5-ին Միկոնոսից Երեւան ժամանած բիզնես դասի ինքնաթիռի ուղեւորները, մասնավորապես՝ իր կինն ու պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հրաչյա Հակոբյանը եղե՞լ են օդանավում, թե՞ ոչ: «Իմ եւ այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չեմ մեկնաբանում»,- փոխանցել է ԱԺ նախագահը՝ այդպես էլ չհերքելով, որ նրանք եղել են ինքնաթիռում։

Սեպտեմբերի 5-ին Միկոնոսի օդանավակայանից Երեւանի «Զվարթնոց» է ժամանել Մալթայի «VistaJet» ավիաընկերության «Bombardier Challenger 850» ինքնաթիռը (մալթայական գրանցումը՝ 9H-ILV, ուղեւորների առավելագույն քանակը՝ 14): Աերոտաքսու ծառայություններ մատուցող օդանավն այդ օրն առավոտյան գերմանական Բադեն-Բադենից թռել էր Միկոնոս, որտեղ հասնելուց մեկ ժամ անց ուղղություն էր վերցրել Երեւան: Թե ովքեր են եղել ինքնաթիռում, կարելի է ենթադրել, բայց կարող ենք պնդել, որ «VistaJet»-ը Միկոնոսից ուղեւոր է տեղափոխել Երեւան, որտեղից մեկնել է միայն ամսի 7-ին՝ հերթական պատվիրատուի հետեւից:

 Հետաքրքիրն այն է, որ դա եղել է մալթայական ավիաընկերության ինքնաթիռ: «Վիվառոյի» հիմնադիր Վահե եւ Վիգեն Բադալյանները ոչ միայն տարբեր ընկերություններ են հիմնել Մալթայում, այլեւ 2016-ին այդ երկրի քաղաքացի են դարձել կատարած ներդրումների դիմաց: Այս մասին «Հետքը» գրել է նախորդ տարի:

«Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- «Հետքին» հայտնել էին Բադալյան եղբայրները: Իսկ թե ինչու հենց Մալթայում, պատասխանել էին. «Մեր ընտանիքը որոշել է դառնալ Մալթայի քաղաքացի, որպեսզի չունենանք վիզայի խնդիր արտասահման մեկնելիս: Մեր ընտանիքի մի շարք անդամներ աշխատում են մեզ պատկանող «SoftConstruct» ընկերությունում, որը գրասենյակներ ունի աշխարհի 15 երկրներում եւ տարեկան մասնակցում է ավելի քան 90 միջազգային էքսպոների, ու մեր աշխատանքը պահանջում է հաճախակի բիզնես ուղեւորություններ ամբողջ տարվա ընթացքում: Մալթայի քաղաքացիությունը մեզ հնարավորություն է տալիս 168 երկիր մուտք գործել առանց վիզայի»:

«VistaJet»-ի հիմնադիրն ու ղեկավարը շվեյցարացի մեծահարուստ, նախկին միլիարդատեր Թոմաս Ֆլորն է։ Ավիափոխադրողի ծառայությունների արժեքը ֆիքսված չէ։ Ընկերությունն անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաճախորդներին։ Բացի դրանից՝ ուղեւորություն պատվիրելիս/ամրագրելիս նա նախապատվություն է տալիս իր թռիչքային ծրագրին անդամակցող հաճախորդներին՝ նաեւ հատուկ գներ առաջարկելով նրանց։

Այսպիսով՝ սեպտեմբերի առաջին օրերին Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը հունական Միկոնոսում ժամանակ են անցկացրել գործարար, Հայաստանի ու Մալթայի քաղաքացի Վիգեն Բադալյանի հետ: Այդ մասին են փաստում «Պրինսիպոտե» ռեստորանից տեսանյութն ու «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ արված լուսանկարները: Սեպտեմբերի 5-ին մալթայական ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը Միկոնոսից ուղեւորներ է բերել Երեւան: ԱԺ նախագահը, ի պատասխան մեր հարցման, չի հերքել, որ դրանում եղել են իր կինն ու երկու պատգամավորները:

«Հանրային ծառայության» մասին օրենքն արգելում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ պատգամավորներին, նվեր ընդունել։ Օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն (ընդգծումները «Հետքինն» են):

Ալեն Սիմոնյանի ու «Վիվառոյի» հիմնադրի ընկերակցությունը հունական կղզում կարելի է զարգացումների երկար շղթայի մի օղակ համարել։ Եվ այդ զարգացումները գնալով ավելի անբռնազբոս տեսք են ստանում։

2019-ին այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մի շարք լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում, որոնցով, մասնավորապես, նախատեսվում էր թույլատրել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը միայն զբոսաշրջային բնակավայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ Մեղրի համայնքներում: Հետագայում սահմանվեց, որ յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է մեկական բուքմեյքերական գրասենյակ բացել մարզկենտրոններում, Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում եւ վերը նշված քաղաքներում: Բայց ընդհանուր ընկալում կար, որ Սիմոնյանի այս նախաձեռնությունը բխում է «Վիվառոյի» շահերից, քանի որ օրինագծի ընդունումից եւ բուքմեյքերական բազմաթիվ գրասենյակների փակումից հետո սպասվում էր խաղադրույք կատարողների հոսք ինտերնետ տիրույթ, որտեղ Բադալյանների ընկերությունն առաջատար է:

Այս թեմային «Հետքն» անդրադարձել էր 2019-ին ու զրուցել նախագծի հեղինակ Սիմոնյանի հետ։ «Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել, եւ այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել եւ ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»,- «Վիվառոյի» վերաբերյալ ասել էր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ճանաչում է թե՛ «Վիվառոյի», թե՛ դրա մրցակիցներից «Տոտոյի» սեփականատերերին: Դիտարկմանն էլ, որ մարդիկ իշխանական պատգամավորի առաջարկած նախագծի հետեւում հենց «Վիվառոյի» ականջներն են տեսնում, նա ասել էր. «Թող տեսնեն: Երբ ես պայքարում էի Բաղրամյան փողոցում կարկանդակի խանութի դեմ, այն ժամանակ էլ ասում էին, որ ես այնտեղ տարածք ունեմ, հիմա անընդհատ մի բան պետք է ասեն»: Ի վերջո, 2019-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր նախագիծը։

Միկոնոսում անցկացրած հանգստի մասին հրաժարվել է մեկնաբանություն տալ նաեւ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթին սեպտեմբերին հայտնել էր, որ ունի անձնական կյանքի իրավունք եւ կարող է չմեկնաբանել այն։ «Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել Հակոբյանին ու Էդուարդ Աղաջանյանին, սակայն օրենսդիր մարմնի անդամները, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որեւէ կերպ չեն պատասխանել հարցմանը։

Խորհրդարանի 3 անդամների՝ գործարար Վիգեն Բադալյանի հետ շքեղ եւ թանկ ծառայություններով հայտնի հունական կղզում անցկացրած ժամանակը շարքային հարկատուին ստիպում է խիստ կասկածով նայել իշխանության ներկայացուցիչ պատգամավորների վարքագծին, որն այս պարագայում զերծ չէ շահերի բախում եւ կոռուպցիոն ռիսկ առաջացնելու հավանականությունից։ Ժամանակին Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծն ու դրանից «Վիվառոյի» ստացած ենթադրյալ մեծ օգուտները եւ այդ ֆոնին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ու խոշոր բիզնեսմենի համատեղ ժամանցն առաջացնում են տրամաբանական հարցեր, որոնց իրենք՝ քաղաքացիների վճարած հարկերից աշխավատավարձ ստացող հանրային պաշտոնյաները, չեն պատասխանում՝ թաքնվելով «անձնական կյանքի» վահանի տակ։

Աղբյուրը՝ Hetq.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ