22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը». Վահե Հովհաննիսյան

«Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։

Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությանը, ապա այս տարի բունկերում է, մեծ հաշվով, երկրի և ժողովրդի ողջ վերնախավը, իսկ այլոց ողորմածությանը թողնված է պետությունը։

Եթե անցյալ տարի նոյեմբերի 10-ին մենք կարող էինք ասել, որ չի պարտվել ժողովուրդը, չի պարտվել պետությունը, այլ պարտվել է իշխանությունը, ապա մեկ տարվա մեր հավաքական վարքագիծն ու հունիսի 20-ի ընտրությունները թույլ են տալիս մտածել, որ այո, պարտվել է պետությունը։

Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ գոնե ձևակերպելու առավել հրատապ հարցերը։ Մենք դա չենք արել, իսկ չանելը նշանակում էր՝ ժամանակ կորցնել ու էլի պատրաստ չլինել՝ ո´չ պատերազմին, ոչ էլ՝ խաղաղությանը։

Մեկ տարում մեր շուրջը հակառակորդը ստրատեգիական ճանապարհներ, թունելներ, օդանավակայաններ է կառուցել։ Մենք այս ընթացքում ամրաշինել ենք ԱԺ ամբիոնի շրջակայքը՝ «դիվերսանտ ընդդիմադիրների» դեմ հուսալի պաշտպանական գիծ կառուցելով, և դեմքի լրջագույն արտահայտությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն ենք տապալում։

Ի՞նչ է պետք հասկանալ այս նոյեմբերի 10-ից, որո՞նք են այդ հարցերը, որ ունենալու են դժվար, գուցե՝ աննկարագրելի դժվար պատասխաններ, բայց որոնց շուրջ մենք պարտավոր ենք բաց քննարկում ծավալել։

Եթե այս անգամ էլ մենք դա չանենք, մեզ ուղղակի կհրամցվեն պատրաստի պատասխաններ, և նույնիսկ չեն առաջարկի դրանք ընկալել։
Պատմական անորոշությունների և լուծումների ողջ ներկապնակը կարելի է խմբավորել երեք հարցախմբի մեջ։

– Ճգնաժամի էությունը. ի՞նչ ճգնաժամ ունենք պատերազմի հետևանքով

– Հայկական աշխարհի հեռանկարը

– Հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունը

Սրանք այն հարցերն են, որոնք քննարկելիս կստեղծվի անհրաժեշտ միջավայրը՝ նոր քաղաքական պրոցեսների և նոր դեմքերի ձևավորման համար։ Սրանք այն հարցերն են, որոնք նոր մտածողություն և նոր՝ ադեկվատ պատկերացումներ կձևավորեն և դրանով կխթանեն փակուղուց ելքեր գտնելու և ներհասարակական կամ միջէլեկտորալ երկխոսություն (բանակցություններ) սկսելու գործընթացը։

Որ վերջապես դուրս գանք բունկերներից»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ