Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրում Անահիտ Ավանեսյանից
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ու ներողություն խնդրել վերջինիցս։
«Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի. «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»:
Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:
Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է:
Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ կառավարությունում այսօր Անահիտ Ավանեսյանն ասաց, թե երեկ ԱԺ պատգամավորներից մեկը տղամարդուն անվայել հայտարարություններ է թույլ տվել իր հասցեին։
«Ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի։ Իմ կողմից բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի թույլ տված իր արտահայտությունների համար», – նշեց նախարարը։