«Մեզ արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար․ ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած կայինք, այնպես էլ մնացել ենք»․ հադրութցիները բողոքի ակցիա էին կազմակերպել
Մեր կարգավիճակում ոչինչ չի փոխվել, 3 ամսից ավելի է՝ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում։ Մեկ ամիս առաջ խոսք տվին, որ լինելու է 25 և 50 000-ական դրամների աջակցություն, ու 2-3 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով, Դավիթ Խաչատրյանն է ելույթ ունենում տարբեր լրատվամիջոցների առաջ, ասում ՝ որոշումը կա, բայց, չգիտենք՝ ինչու, ծրագիրը, որն ասում են, թե հաստատվել է, մինչ օրս չկա, մենք էլ 3 ամիս է՝ չենք կարողանում գոնե բնակարանների վարձը տանք, լրագրողների հետ զրույցում ասաց օկուպացված Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը։ Նա մասնակցում էր կառավարության շենքի առաջ հադրութցիների կազմակերպած բողոքի ակցիային։
Արթուր Ստեփանյանը հայտնեց, որ Արցախից տեղահանված շատ քաղաքացիների Հայաստանի հյուրատներից դուրս են հանում, հայրենի հող ու տուն կորցրած արցախցիները Հայաստանում անորոշության մեջ են։
«Մի մասին արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար: Մենք ինչպես մեկ տարի առաջ եղել ենք տուն-տեղ կորցրած, նույն կերպ էլ այսօր տուն-տեղ կորցրած մարդիկ ենք: Մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի եղել։ Չգիտենք՝ ինչու են այդպիսի անմարդկային վերաբերմունք ցույց տալիս մեր հանդեպ», – ասաց նա։
Հադրութի բնակիչները պահանջում են լուծել նաև իրենց կարգավիճակի հարցը, տալ փախստականի կարգավիճակ։
«Մեզ պարտավոր են կարգավիճակ տալ, բայց մեր կարգավիճակի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի ցանկանում նույնիսկ խոսել։ Դեռ օգոստոսի 24-ին ենք դիմում գրել, ստորագրահավաք արել։ Դիմել ենք հենց ՀՀ վարչապետին։ 2 ամսից ավելի է՝ դիմում-նամակի պատասխան ընդհանրապես չկա, ձգձգում են։ Հիմա էլ որ զանգում ենք, արդեն երևի հեռախոսահամարը ֆիքսված է, հեռախոսազանգրին չեն պատասխանում։ Մեկ էլ ասում են՝ ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ գրավոր պատասխան տանք։ Եթե մենք ձեզ գրավոր դիմում ենք ներկայացրել, դուք պարտավոր եք։ Իրենք են ասել՝ 45 օրվա մեջ ձեզ պարտավոր ենք պատասխանել, բայց արդեն 2 ամսից ավելի է անցել։ Երևի ինչ-որ տեղ նաև միտումնավոր են անում», – ասաց Հադրութի բնակիչը։
Արթուր Սարգսյանը հայտնեց, որ իրենք դիմելու են նաև ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակին։
«Մենք այստեղից գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ցույց տանք, որ ՀՀ-ում փախստականներ կան, ինչը մեր իշխանությունները թաքցնում են», – նշեց նա: