22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և այդպիսով, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։

Հայաստանի գործող իշխանությունները դա որևէ կերպ չեն էլ հերքում՝ ավելին, ընտրություններից հետո նրանց հեղինակած բոլոր փաստաթղթերում և ելույթներում վերացել է «Արցախի Հանրապետություն» եզրը, փոխարենը հայտնվել է «Արցախի ժողովրդի իրավունքներ» հեղհեղուկ արտահայտությունը, որը նշանակում է, որ առնվազն իրենց գիտակցության մեջ, այս իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման համար հետագա պայքարից, և շտապում են դա օր առաջ ամրագրել՝ փաստացի նոր կապիտուլյացիա ստորագրելով Ադրբեջանի հետ։

Կարող է թվալ, որ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, անիմաստ է այլևս ձգտել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը, առավել ևս, որ այժմ մեր դեմ այնտեղ գործում է ոչ միայն Ադրբեջանը, այն միասնաբար ողջ թուրք-ադրբեջանական դաշինքը, իրենց տարբեր դաշնակիցներով։ Սա սակայն թյուր կարծիք է՝ պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պատերազմում պարտված կողմը հետագայում կարողացել է վերականգնել իր ռազմական կարողությունները, և ռևանշի հասել հաղթող կողմի նկատմամբ։ Թուրքերը և ադրբեջանցիները դրա լավագույն (թեև ոչ միակ) օրինակն են՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված և կապիտուլյացիա ստորագրած Թուրքիան տառացիորեն երկու տարի հետո կարողացավ վերականգնել իր ուժերը, և օգտվել բարենպաստ միջազգային իրավիճակից՝ պարտության մատնելու սկզբից հայկական, իսկ հետո հունական բանակներին։

Ադրբեջանը, պարտություն կրելով առաջին Արցախյան պատերազմում, հրաժարվեց զիջումների գնալ, և ամբողջ 26 տարի պատրաստվելով ռևանշի, կարողացավ ի վերջո իր կամքը պարտադրել մեզ։

Մեր պատմության մեջ, ասվածի լավագույն օրինակը Գարեգին Նժդեհի կողմից անզիջում դիմադրությունն էր Սյունիքում, որի արդյունքում այն մնաց Հայաստանի Հանրապետության կազմում, թեև արդեն խոստացվել էր Ադրբեջանին։

Այսօր չկա հատուկ պատճառ, ինչու մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Ի հեճուկս տարածված պատկերացումների, անցած պատերազմում հայկական բանակը չի ջախջախվել, այլ ընդամենը պարտություն է կրել մարտական ուղղություններից մեկում, նրա մարտական կարողությունների զգալի մասը պահպանվել են, իսկ այսօր էլ վերականգնվում են։ Նույն կերպ, Ադրբեջանը ծանր կորուստներ է կրել, որն այն փորձում է թաքցնել, սակայն արդեն հիմա պարզ է, որ այն ևս մեկ լայնամասշտաբ պատերազմի կարողություն չունի։ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ հակամարտությունների մեջ, և հնարավորություն չունի անընդհատ մի քանի ճակատով կռվել, իսկ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները շարունակվում են լարվել (երեկ առաջին անգամ Բայրաքթարը հարվածեց ռուսական դիրքերին Դոնբասում):

Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են, որ Արցախյան բանակցությունները պետք է վերսկսվեն նույն ձևաչափով և նույն սկզբունքներով, իսկ Իրանը հստակ հասկացրեց երկու շաբաթ առաջ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ընդհուպ մոտեցել է իր կարմիր գծերին, որից այն կողմ կարող է զինված հակամարտություն սկսվել արդեն Իրանի հետ։ Նույնիսկ Հնդկաստանը, որը երբևիցե չի եղել այս հակամարտության ակտիվ կողմ, սկսեց ցույց տալ իր աջակցությունը Հայաստանին, անհանգստացած լինելով թուրք-պակիստանյան խորացող համագործակցությամբ։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչու են Հայաստանի իշխանությունները շտապում սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ, և դրանով հրաժարվել Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարից։ Իմ ներքին համոզմամբ, քանի որ դա ձեռնտու է կոնկրետ իրենց՝ հենց իրենք շոշափելի նյութական ակնկալիքներ ունեն Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումից (և դա չեն թաքցնում), հենց իրենք են համարում, որ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա ճանապարհ տալով, կարող են դրա վրա փող աշխատել, հենց իրենք են նաև անկեղծ համարում, որ եթե Հայաստան թուրքական ներդրումներ գան, դրանից իրենք անմիջականորեն կշահեն, ինչպես այսօր են շահում ասֆալտ փռելու անվերջանալի պետական տենդերներից։

Դրա փոխարեն, եթե շարունակեն պայքարը Արցախի համար, դեռ տարիներով և տասնամյակներով պետք է զրկանքներ կրեն, գուցե նաև նոր վտանգների ընդառաջ գնան, նույնիսկ իշխանությունը կորցնեն։ Իսկ այսպես շատ հստակ է ամեն ինչ՝ զոհաբերելով Արցախի ազատությունը, կարելի է ստանալ թուրքական (և ոչ միայն) գումարներ, ինչ որ ժամանակ կերակրել սեփական էլեկտորատի ընչաքաղց մասին և ուռճացված ոստիկանական մեքենան, և դրանով երկարաձգել սեփական իշխանությունը։

Իրականությունը այն է, որ այսօր Արցախի ազատության դեմ է գործում այսօրվա իշխանությունների և նրա մոլի աջակիցների ընչաքաղցությունը և նյութապաշտությունը, և մեզնից շատերի շփոթվածությունը և վախերը։ Եթե մենք ցանկանում ենք կանխել նոր կապիտուլյացիան և Արցախի (և դրանով նաև Հայաստանի ինքնիշխանության) հետագա կորուստը, այսօր պետք է յուրաքանչյուրս հաղթահարենք մեր վախերն ու տարակուսանքը, և հստակ արտահայտենք մեր կամքը աշխարհին՝ մենք շարունակում ենք Արցախի ազատության համար պայքարը, և արգելում ենք այսօրվա իշխանություններին՝ մեր անունից համաձայնվել նրա հանձմանը։

Ավելին, ցանկացած իշխանություն, որը կփորձի դա անել մեր թիկունքում, կանգնելու է պատմության դատաստանի առաջ՝ վաղ թե ուշ, այս կամ այն կերպ։ Ես իմ կողմից վերահաստատում եմ մեր հայրենիքի ազատության համար պայքարելու հանձնառությունը, և կոչ եմ անում այս գրառումը կարդացող յուրաքանչյուրին իր համար հստակ ընտրություն կատարել ազատության և նյութական շահի միջև, և վճռականորեն իր կամքը արտահայտել առաջիկա օրերին՝ բոլոր հասու միջոցներով»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ