Խնդրում ենք, որպեսզի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին. Արարատ Միրզոյան
Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին այս առումով ևս բացառություն չէր։ Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, ՀՀ ԱԳՆ-ում Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք խնդրում ենք, որպեսզի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», – ասաց Միրզոյանը։
Էդգար Պենյա Պառան ասաց, թե ողջույններ է բերել Հռոմի Ֆրանցիսկոս պապից։
«Ֆրանցիսկոս պապը վառ հիշողություններ ունի 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից, նախագահ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ Վատիկանում վերջերս ունեցած իր հանդիպումից», – ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ։
Նա նշեց, որ իր այցի նպատակը Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության հանդիսավոր բացումն է։
«Համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», – ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը։