Մարդկայնորեն է անընդունելի․ Առողջապահության նախարարը մեկ ամիս է՝ չի արձագանքում Չարչյանի առողջական վիճակը գնահատող հանձնաժողով ստեղծելու դատարանի պահանջին. Վարդևանյան
Նախօրեին վաստակաշատ բժիշկ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ մինչ օրս չի ստեղծվել բժշկական հանձնաժողով, որը եզրակացություն կտա Արմեն Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Փաստաբանն ընդգծել էր, որ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման ողջ պատասխանատվությունն այս դեպքում կրելու է Առողջապահության նախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նշված խնդրին՝ ասելով, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց մեկ ամիս անց բժշկական հանձնաժողովը ստեղծված չէ, Առողջապահության նախարարին հասցեագրված գրությունը, որով խնդրում են, որպեսզի պարզվի Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ, անարձագանք է մնացել։
«Առողջապահության նախարարը մինչ օրս չի արձագանքել այդ գրությանը։ Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի։ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող դատարանը պահանջ է ներկայացրել Առողջապահության նախարարությանը։ Ոչ ոք չի ասում՝ հենց հիմա ասեք, որ կալանքն անհամատեղելի է․ ուղղակի կատարեք ձեր պարտականությունը, որոշեք՝ կալանքը համատեղելի՞ է, թե՞ անհամատեղելի է», – ասաց Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց նաև, որ անկախ բոլոր հանգամանքներից, մասնագետ չհանդիսացող անձի համար էլ է ակնհայտ, որ Արմեն Չարչյանը, ունենալով առողջական մեծ խնդիրներ, չի կարող գտնվել անազատության մեջ։
«Թող մեր հայրենակիցներից ոչ մեկի մոտ շաքարի աստիճանը չլինի այնքան բարձր, որքան Արմեն Չարչյանի մոտ է։ Պարզից էլ պարզ է, որ դա կալանքի հետ անհամատեղելիություն է առաջացնում։ Բայց իրավիճակն այն է, որ Առողջապահության նախարարը, իմանալով, որ Արմեն Չարչյանն էլ առողջապահության ոլորտի մարդ է՝ մեծ ավանդ ունեցող, ի վերջո, նա առողջապահության որոշակի ուղղվածության ձևավորման մեջ մեծ ավանդ ունի, այդ պայմաններում ինչպե՞ս է անգործություն ցուցաբերում։ Ուղղակի գործդ արա։ Չի անում», – նշեց պատգամավորը։
Նա հայտնեց նաև, որ իշխանության կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին ահազանգ իրենք հնչեցնում են ամենատարբեր օղակներում։
«Մենք ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրել եվրոպական բոլոր կառույցներին, նաև դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ենք տեղեկացնում։ Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց մեր գնահատականների հետ կապված համաձայնության տարրեր այդ անձանցից ստանում ենք, որ իրականում Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում՝ պարունակող ընդհուպ մինչև քաղաքական հաշվեհարդարի տարրեր։Այսինքն, ինչ է, թե անձն ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, նրան պետք է ամեն կերպ կալանքի տա՞կ պահել։ Մենք խոսում ենք նաև պատգամավոր Արմեն Չարչյանի մասին։ Տեսե՞լ եք, որ ԱԺ նիստ լիներ, որտեղ որոշվեր՝ Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալի՞ս են, թե՞ ոչ։ Չեք տեսել։ Այս խայտառակ վիճակն, ի վերջո, պետք է ունենա իր ավարտը։ Ամոթ է, վերջապես», – շեշտեց Վարդևանյանը։
Պատգամավորը հայտնեց, որ քննարկվում է նաև Արմեն Չարչյանի խնդրով ՄԻԵԴ դիմելու հարցը, ՀՀ ՍԴ դիմում է ներկայացվել՝ Չարչյանի անձեռնմխելիությունը խախտելու հարցով, նիստը նշանակված է դեկտեմբերի 6-ին։ Այդ օրը կարող նաև որոշում լինել։