Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտքով էլ է անցել Ամանորի օրերը կրճատել:
«Ժամանակին ու բազմաթիվ անգամներ, երբ որ եղել եմ սովորական բժշկական կենտրոնի տնօրեն ու զարմացել եմ՝ ո՞նց կարող ենք մենք հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող: Հետո, որպես նախարար, երբ որ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին ու մյուսները հանգստանում էին», – Ազգային ժողովում հայտարարեց նա:
Թորոսյանն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է, որ նման պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում շատ էժան շահարկումներ են արվում:
«Սկսում ենք քրիստոնեական արժեքների հետ կապել, ավանդույթների և այլն», – նշեց Թորոսյանը, իսկ նրա այս հայտարարությանը տեղից ռեպլիկ թողեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն», – արձագանքեց Թորոսյանը՝ նշելով, որ, ի տարբերություն շատերի, չի թաքցնում իր կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը:
Նա ասաց, թե պետք է աշխատանքի խրախուսումով զբաղվել, ոչ թե ծուլության:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։