Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, Արցախի ճակատագրի վրա․ Սեյրան Օհանյան
Ցավալի է, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետևություն չարեցին, պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին ՀՀ սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով կարևորագույն ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ, որոնք ՀՀ սահմանամերձ բնակավայրերի կենսունակության ապահովվող ենթակառույցներ են։ Դրանք այսօր շահարկման և Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առիթ են հանդիսանում, գյումրեցիների հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներին, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա Օհանյանն ընդգծել է, որ թշնամի պետությունների հիմնական նպատակը Հայաստանի և Արցախի օղակը սեղմելն է, իսկ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման։
«Այն արտահայտվելու է տնտեսական ճնշումներով, ամենացավալին՝ Սյունիքում, Գեղարքունիքում մեր ժողովրդագրական նկարագրի փոփոխմամբ։ Այսինքն, թուրքերը տարբեր պատրվակներով տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան և անորոշ է դառնալու և՛ Արցախի, և՛ Հայաստանի հեռանկարային ամբողջ պատմությունը», – նշել է Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանության քայլերը վտանգի տակ են դնում մեր հայրենիքի մի շարք հատվածներ. լուրեր են շրջանառվում նաև նոյեմբերի 9-ին ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին, որն, ըստ Սեյրան Օհանյանի, իշխանության հռչակած «խաղաղության օրակարգի» շրջանակում կարող է նշանակել «խաղաղության» դիմաց հակառակորդի տարածքային ամբողջականության ճանաչում։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման վրա, Արցախի ճակատագրի վրա», – շեշտել է Սեյրան Օհանյանը։