Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան
Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն և պայքարում են։
Վահան Քերոբյանը որպես գնաճի դեմ իրենց կիրառած գործիքակազմ՝ նշեց «կոնսուլտացիաները տարբեր երկրների հետ»։
«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը», – ասաց նա։
Իրենց գործիքակազմի արդյունավետության մասին Վահան Քերոբյանը չխոսեց, սակայն մտահոգություն հայտնեց գնաճը զսպելու՝ ԿԲ-ի կիրառած գործիքակազմի առնչությամբ։
«Երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար շատ կարևոր ճյուղերը, օրինակ՝ արտահանմանը։ Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա, երևի, ամենացածր կետի վրա է, և դա մեզ, ինչպես նաև մեր արտահանողներին, շատ է անհանգստացնում», – ասաց Քերոբյանը՝ ԿԲ-ից ակնկալելով, որպեսզի չվտանգի արտահանման ոլորտը։