«ԳՇ-ին ժամանակ եմ տվել՝ իրավիճակին պատշաճ արձագանքելու և իմ մուտքը սահմանային այդ հատված թույլատրելու համար». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ «Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ՝ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալու տիրող իրադրությանը։ ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել»։
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը լրագրողների հետ զրույցում հաստատեց գրառման մեջ ասվածը՝ նշելով, որ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետը սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերի առնչությամբ սահմանված ժամկետում չի պատասխանել իր գրությանը, ինչն առաջ է բերում ավելի խորքային պատճառներ։
«Պետք է արձանագրենք, որ սահմանային այն հատվածը, որտեղ փորձում եմ որոշակի դիտարկումներ իրականացնել, այն հատվածն է, որտեղ մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից ըստ էության բռնազավթվել է՝ Սոթք-Խոզնավար հատվածն է։ Նույնիսկ պաշտոնական տեղեկություններով մինչև 3,8 խորությամբ ունենք ադրբեջանական ներխուժման փաստ։ Այն գործընթացից հետո, երբ ադրբեջանական զորքերը ամենատարբեր ուղղություններով ներխուժում են ապահովել ՀՀ տարածք, դրանից հետո միայն ՀՀ զինված ուժերը այդ տարածքներում համապատասխան ուժեր են տեղակայել, որոնք պետք է ապահովեն սահմանային այդ հատվածի պահպանությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի, քանի որ առջևում ձմեռ է, իր համար շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգ է ձևավորվել, ապա հավելեց, որ մայիսի 12-ից երբ թշնամու զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, մինչև օրս ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
«Խոսքը վերաբերում է այն նույն հատվածներին, որտեղ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հայելային հետքաշում իրականացնել։ Ադրբեջանական կողմը ոչ միայն հետքաշում չի իրականացնում, այլև այդ հատվածներում ամրանում է։ Ինքս Քաշաթաղի շրջանում՝ Բերձոր քաղաքում, ականատես եմ եղել , թե ինչ չափի բեռնափոխադրում են իրականացնում Քաշաթաղի հյուսիսային հատված, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված են։ Բեռնատարների մի մասը բաց է եղել, այնտեղ եղել են ջրի ամբարտակներ և այլն։ Կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք ամենատարբեր աղբյուրներով ինձ փոխանցվում են, դրանք չեմ հրապարակում, քանի որ անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ, սակայն հույս ունեմ, որ իշխանություններն իմ պարկեշտությունից չեն օգտվի և իրենց այսպիսի լկտի ձևով չեն պահի։ ԳՇ պետին ես դեռևս ամենատարբեր առիթներով կանդրադառնամ, փորձում եմ հույս պահել, որ նրա պատասխանն ինձ չի հասել զուտ տեխնիկական պատճառներով։ Գլխավոր շտաբին ժամանակ եմ տվել՝ իրավիճակին պատշաճ արձագանքելու և իմ մուտքը սահմանային այդ հատված թույլատրելու համար»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այն պնդումներին, որ ՀՀ տարածք ներխուժած թշնամին ամրաշինական աշխատանքներ չի կատարում, և ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վրաններում չեն մնում, այլ տնակներում, Տիգրան Աբրահամյանը հակադարձեց՝ իսկ ո՞վ է մարզպետը, որ Զինված ուժերի ամրաշինական աշխատանքների հետ կապված տեղեկություններ հաղորդի, որն իրեն կբավարարի։