Այս ընտրություններով գորիսեցնիները մերժեցին պողպատեմուրճային իրականությունը. Արեգնազ Մանուկյան
Այս ընտրություններով գորիսեցնիները մերժեցին պողպատեմուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից, մերժեցին սուտն ու կեղծիքը, մերժեցին պատերազմ, զոհեր ու պարտություն բերած իշխանություններին, եւ այ, ընտրեցին ապագան, բայց արժանապատիվ ապագան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Գորիս խոշորացված համայնքի ընտրություններում Առուշ Առուշանյանի հաղթանակին:
«Այն պարագայում, երբ իշխանություններին չի հաջողվում բանակի գործոնն օգտագործել ընտրությունների, քվեարկության ժամանակ, երբ իշխանություններին չի հաջողվում անձնագրերի նույնականացման միջոցները կյանքի կոչել, մենք ստանում ենք այլ պատկեր: Մարդիկ սկսել են հասկանալ, թե ԱԺ ընտրություններում 3-րդ համարի քվեաթերթիկին ձայն տալով ինչպիսի ապագա են իրենց համար ընտրել ու հիմա արդեն իսկ շատ կարճ ժամանակ անց մերժում են իրենց իսկ ընտրած անհեռանկար ապագան»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Գորիսի ընտրություններում եւս իշխանությունը փորձել է վարչական լծակներ օգտագործել. «Երեկ ամբողջ օրը ոստիկանական ուժերը կենտրոնացրել էին Գորիսում՝ վախի մթնոլորտ սերմանելով: Մենք տեսանք, թե ինչպես կարմիրբերետավորները ներխուժեցին Առուշ Առուշանյանի գրասենյակ, ինչպես էին նրա հոր նկատմամբ ճնշումներ գործադրում»:
Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ բոլոր քայլերին դիմելու են, որ հասնեն իշխնափոխության, արդեն մարզային այցելություններ են սկսել, որի արդյունքներով վերլուծություններ կարվեն, կորոշվեն հետագա քայլերը: