24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ կարծում, որ էսօր ՀՀԿ-ն պետք է քննարկի նախագահի փոփոխության հարց

Մենք գրել էինք, որ ՀՀԿ-ն իր շարքերում վերահաշվառման եւ թարմացման գործընթաց է սկսել։ Կուսակցության անդամներից պահանջում են թարմացնել անդամության հայտերը, վերահաստատել, որ մտադիր են շարունակել իրենց քաղաքական-կուսակցական ճանապարհը ՀՀԿ-ի հետ։ Դրանով նաեւ ՀՀԿ վերնախավը ցանկանում է մաքրել իր շարքերը պատեհապաշտներից։ Օրերս էլ կուսակցության գործադիր մարմնի նիստում հայտարարվեց առաջիկա համագումարի մասին։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ՀՀԿ 17-րդ համագումարը։ Այժմ ընթանում են համագումարի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենց մոտ վերահաշվառման եւ կուսակցության կառույցների վերաձեւավորման գործընթաց է տեղի ունենում, եւ, ՀՀԿ կանոնադրության համաձայն, համագումարից առաջ սահմանված ժամկետներում՝ 20 եւ 25 օր առաջ, կվերընտրվեն բոլոր սկզբնական, շրջանային, տարածքային խորհուրդների կազմը եւ ղեկավարները, որից հետո նաեւ կընտրվեն պատվիրակները, որոնք կմասնակցեն համագումարին։

«Համագումարում կընտրվեն նաեւ կուսակցության նախագահը եւ մշտական գործող ղեկավար մարմինը, վերահսկիչ հանձնաժողովի անդամները, այսինքն՝ կձեւավորվի կուսակցության կառավարման բուրգը՝ նախագահ, գործադիր մարմին, կձեւավորվի նաեւ կուսակցության խորհուրդը։ Ու քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ են եղել, մեր կանոնադրության մեջ էլ փոփոխություններ կլինեն, որպեսզի այն համաձայնեցվի օրենքի պահանջներին»,- ասաց պարոն Թադեւոսյանը։

– Իսկ կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի կազմը փոփոխության կենթարկվի՞, ՀՀԿ-ում կա՞ն նման տրամադրություններ։

– Իհարկե, եթե նայեք մեր նախորդ համագումարները, միշտ էլ մեզ մոտ փոփոխություններ եղել են, դինամիկ պրոցես է եղել միշտ, քարացած չէ։

– Խոսքը միայն գործադիր մարմնի մասին չէ, պարոն Թադեւոսյան, այլ ավելի շատ կուսակցության նախագահի մասով, օրինակ՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ մեկն ընտրվի կուսակցության նախագահ։

– Դա լինում է համագումարում՝ թեկնածուների առաջադրում եւ այլն։ Բայց ներկա պահին մեր օրակարգում էդպիսի հարց չկա։

– Ասացիք՝ շրջանային կառույցների նախագահները կվերընտրվեն, այսինքն՝ որոշվա՞ծ է արդեն, որ գործող նախագահները նորից ընտրվելու են։

– Կարելի է ասել՝ 60-70 տոկոսով փոփոխություն է լինելու, նշմարվում է նման բան, էսպես ասեմ։

– Մենք գրել էինք, որ վերահաշվառում եք իրականացնում, եւ պարզ է, որ 2018-ից հետո ձեր կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ այսօր, հատկապես պատերազմից ու վերջին ընտրություններից հետո, ի՞նչ պատկեր է կուսակցության շարքերում, կա՞ն նոր դիմումներ։

– Իհարկե, հարյուրներով նոր դիմումներ ունենք վերջին մի քանի ամիսներին՝ պատերազմից հետո, եւ շուտով դա ինքներդ նաեւ կտեսնեք։

– Այն ժամանակ, երբ իշխանության էիք, մոտ 100 հազար անդամ ուներ ՀՀԿ-ն, այսօր այդ թիվը որքա՞ն է կրճատվել։

– Այդ թվերը վերահաշվարկման աշխատանքներից հետո պարզ կլինեն, կասենք։

Խոսեցինք նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Հարցրինք նրան՝ ի՞նչ է սպասվում դեկտեմբերին կայանալիք համագումարում, հնարավո՞ր է այնպիսի ելույթներ լինեն, որոնք կարող են բեկումնային դառնալ քաղաքական դաշտի համար։

«ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական դաշտի եւ ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը, եւ դա արդեն աներկբա է։ Եվ այս երեքուկես տարվա փորձություններից, դժվարություններից եւ շատ դեպքերում նաեւ ռեպրեսիաներից հետո եւ զուգահեռ՝ ՀՀԿ-ն ապացուցել է, որ ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք ունի։ Այսօր մենք ունենք խմբակցություն Ազգային ժողովում, բնականաբար, Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների առջեւ շատ լուրջ մարտահրավերներ եւ սպառնալիքներ կան, եւ այսօր ավելի քան կարեւոր է ազգային գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժի ակտիվ աշխատանքը»,- ասաց Շարմազանովը։

Ապա նշեց, որ, բնականաբար, բացի կազմակերպչական հարցերից՝ նախագահի ընտրություն, գործադիր մարմնի կազմի ընտրություն եւ այլն, կլինեն նաեւ քաղաքական ելույթներ։
Հնարավո՞ր է իշխանափոխության հստակ պլան առաջարկվի համագումարի ժամանակ։ Շարմազանովը չցանկացավ առաջ ընկնել այս հարցում։ Միայն նշեց, որ կուսակցության կատարած աշխատանքի վերաբերյալ գնահատական կլինի, կլինեն ելույթներ, հաշվետվություն, նաեւ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ելույթը։

«Բնականաբար, նաեւ համագումարի բանաձեւ կլինի։ Բայց շատ կարեւոր է, թե մինչեւ դեկտեմբերի 18-ն ինչ իրավիճակում կլինի Հայաստանը, ինչ կմնա Հայաստանից, Հայաստանի իշխանությունից, եւ ինչ կլինի Արցախում»,- ասաց նա։

Հարցրինք նաեւ՝ կուսակցության նախագահի փոփոխություն սպասվո՞ւմ է, թե՞ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել ՀՀԿ-ն։  «Իմ անձնական կարծիքն եմ ասում՝ ես չեմ կարծում, որ էսօր ՀՀԿ-ն պետք է քննարկի նախագահի փոփոխության հարց։ Իհարկե, նախագահին պետք է ընտրեն պատվիրակները, բայց ես նման օրակարգային անհրաժեշտություն չեմ տեսնում, ավելին՝ էսօր Արցախի առջեւ ծառացած խայտառակ սպառնալիքը, Հայաստանի անվտանգության առջեւ ծառացած խայտառակ սպառնալիքի պարագայում ես կարծում եմ, որ այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք իրենց մեծ լուման են ներդրել Հայաստանի պետականության զարգացման ու կայացման գործում, արցախյան առաջին եւ ապրիլյան պատերազմների հաղթանակի ճարտարապետներն են եղել, նրանք պետք է ե՛ւ ասելիք ունենան, ե՛ւ անելիք ունենան, այդ թվում՝ նաեւ, վստահաբար, Սերժ Սարգսյանը։ Ես կարծում եմ՝ մեր երեք նախագահներն էլ ասելիք ու անելիք պետք է ունենան, եւ ոչ միայն իրենք»։

Վահե Մակարյան
 hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ