24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»

Արցախյան պատերազմում Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարթության վրա։ Եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր կարողանա անկաշկանդ կերպով ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ արտաքին ուժերն ու տարածաշրջանային խաղացողները թույլ չէին տա Բաքվին իրավիճակը տանել ռազմական էսկալացիայի։ Իսկ սա նշանակում է, որ բանակցային գործընթացը հասել էր մի այնպիսի կետի, որ միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համար այլևս դատապարտելի չէին Ադրբեջանի գործողությունները։ Խնդիրն այն է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցով բանակցային գործընթացը սկսում է սեփական կետից։ Այնուամենայնիվ, թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար այդպես էլ հարցական մնաց, թե որն է այդ կետը։ Հիմնական լոզունգը, որը Փաշինյանն անընդհատ կրկնում էր, այն էր, թե «Արցախյան հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Միևնույն ժամանակ, վերջինս հստակ ձևակերպում չէր տալիս, թե դետալային առումով կոնկրետ որն է հայկական կողմի համար ընդունելի լուծման տարբերակը։ Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի կողմից ներկայացված այս բանաձևումը չի կարող գործել, քանի որ ադրբեջանական կողմը միշտ ձգտել է միայն իր համար ընդունելի լուծման հասնել։ Ու այս համատեքստում շատ զարմանալի էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Ալիևը կառուցողական է տրամադրված։ Ընդ որում, ամբողջովին անհասկանալի է մնում, թե ինչի՞ շուրջ էր, ի վերջո, Փաշինյանը բանակցում մշտապես ապակառուցողական դիրքորոշում ունեցող Ադրբեջանի նախագահի հետ, որ այդպիսի հայտարարություն էր անում։ Հիմա արդեն ամբողջովին երևում է, թե Ալիևն իր հանցագործ կեցվածքով ու հոգեխանգարմունքի հասած հայատյացությամբ ինչքան «կառուցողական» կարող է լինել։

Ընդ որում, Փաշինյանը Ազգային ժողովում «մուննաթով» հայտարարում էր, թե «ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են»։ Հետն էլ՝ «այ քեզ բան»… Այս ամենը ուշագրավ տեսք է ստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ծրարների փոխանակման, հատուկ բանագնացի առկայության, խոստումներ տալու մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին։ Ու մինչ այսօր իշխանությունները դեռ մեր հանրությանը չեն ներկայացրել, թե ինչ են բանակցել, ովքեր են բանակցել։ Ի դեպ, հիմա էլ նույնն է, ամեն ինչ դարձյալ թանձր «ծխով» է պատված: Մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իշխանությունները մեր երկրի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների հետ ժամանակին համապատասխան աշխատանքներ չեն տարել, որի արդյունքում կարող էր ավելանալ Հայաստանի քաշը տարածաշրջանում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Հնդկաստանի արտգործնախարարը վերջին օրերին միայն Հայաստան այցելում, հետո էլ պաշտոնական հանդիպման ժամանակ Փաշինյանը զարմանում է, որ Սուբրամանյամ Ջայշանկարը Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելում։

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ինչո՞վ են զբաղվել ՀՀ իշխանությունները։ Չէ՞ որ այս ընթացքում Ադրբեջանին հաջողվել է սերտորեն աշխատել Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ տարբեր ուղղություններով՝ ռազմականով սկսած, տնտեսականով վերջացրած։ Մեր իշխանությունները միայն հիմա են հիշել Հյուսիս-Հարավ ծրագրի կարևորության ու համանուն ճանապարհի կառուցումն արագացնելու հարցում աջակցություն ստանալու նպատակով Թեհրանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ու մինչ այժմ ՀՀ իշխանությունները դեռ քննարկում են Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված խնդիրները։ Այսինքն, մինչև Հայաստանը կողմնորոշվում է, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կոնկրետ նախագծեր են իրականացնում։

Մի՞թե հնարավոր չէր պատերազմից առաջ Հյուսիս-Հարավի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերել ու անցնել ճանապարհի արագացված տեմպերով կառուցմանը։ Այս ամենը վկայում է միայն այն մասին, որ իշխանություններն այսքան ժամանակ լավագույն դեպքում իսկապես անգործունակ են եղել, և իրենց արդարացումը տեղավորվել է միայն բոլոր հարցերում նախկիններին մեղադրելու շրջանակներում։ Ու պատահական չէ, որ նրանք հիմնականում հոնքը սարքելու տեղը, աչքն էլ հետն են հանել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե դիվանագիտական ծառայության մեջ վերականգնելու է պրոֆեսիոնալիզմը, բայց քանի գնում, պրոֆեսիոնալիզմի մասով դիվանագիտական համակարգն ավելի ծանր վիճակում է հայտնվում՝ չհաշված մեկ-երկու բացառությունները։

Դա նրանից է, որ Փաշինյանն իր թիմակիցներին, առանց նրանց որակները և արդյունավետությունը հաշվի առնելու, հերթով դեսպան է ուղարկում կամ ԱԳՆ-ում առանցքային պաշտոնների է նշանակում։ Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանին պետք են ոչ թե որ գործից հասակացող մարդիկ նշանակվեն, ինչից պետությունը կշահի, այլ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կամակատարներ կլինեն։ Իսկ թե ինչո՞ւ է այսպես լինում, ու թե արդյո՞ք խնդիրը միայն վերը նշված «լավագույն դեպքում»-ի շրջանակներում է, իսկապես մտածելու հարցեր են…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ