Քրգործ Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև նա Հայաստանի ինքնիշխանությունը պահող վերջին մոհիկանն է․ Էդուարդ Շարմազանով
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը
– Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն թռիչքների փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղի ունեցողն ինչպե՞ս եք գնահատում։
– Իրավական առումով՝ երրորդ նախագահի փաստաբանական խմբի ղեկավար Ամրամ Մակինյանն արձագանքել է սրան, երբ դեռ նոր էին սկսում այս էպոպեան։ Իսկ քաղաքական առումով՝ հիշում եք, որ այս կապիտուլյանտ իշխանության ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ էլի խոսում էր Բադեն-Բադեններից, կազինոներից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նրան 24 ժամ տվեց, որ գոնե մեկ փաստ հրապարակի, իսկ Հայաստանում ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսին տիրապետող անձը չկարողացավ 24 ժամվա ընթացքում ու մինչ օրս գոնե մեկ փաստ ներկայացնել, հետևությունները թողնում եմ ձեզ։
Յուրաքանչյուր հակապետական, հակաազգային գործունեություն ծավալելուց առաջ սրանք լրատվական մանևրներ են իրականացնում՝ ուշադրություն շեղելու նպատակով։
Որպեսզի իր հակապետական գործողությունները քողարկի, պետք է ժողովրդին սնի, հին հռոմեական ճշմարտություն է՝ հաց կամ տեսարաններ, հաց, պարզ է, չի կարող տալ, տեսարաններ է տալիս։
Տեսարաններ սարքելու մասնագետ է եղել, որոշ ժամանակ հետո մի ասուլիս կտան, կհերքեն, բայց իրենց խնդիրը մարդկանց սևացնելն է, որպեսզի իրենց հակապետական գործողություններն անեն։
– Ի՞նչ հակապետական գործողություններ նկատի ունեք։
– Հակապետակա՞ն չէ, որ թուրքը վեց ամիս է՝ Հայաստանի սահման է մտել հազար զինվորով, ոչ ոք դրանից չի խոսում, հակապետակա՞ն չէ, որ վախենում են ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են, հակապետակա՞ն չէ, որ ասում է այդ 21 կիլոմետրը Ադրբեջանինն է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն ինքն ու իր արտգործնախարարն ասում են ԼՂԻՄ, բա սրանք ի՞նչ են։
– Իսկ ձեր ասած տեսարաններով հաջողվո՞ւմ է մարդկանց ուշադրությունը շեղել։
-Իհարկե հաջողվում է։ Մարդն իր ձեռքով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտը ստորագրել է, իսկ ի՞նչ է ասում մեր հասարակության մի հատվածը, ասում է՝ շուտ էին տվել, էս հարիֆի ջեբը գցեցին, խեղճ Նիկոլը մեղք չունի։ Իրականությունը սա է։ Անամոթաբար ասում է՝ Շուշին բանակցվել է, երբ նույն ինքը սեպտեմբերի 27-ին խորհրդարանում ասում էր 5+2, էլ տեսարանները ո՞նց են լինում։ Սաշիկի 50%-ը գտե՞լ է, ես չեմ ասում՝ եղել է, չի եղել, դա ասողի խնդիրն է, թող ապացուցի։ Ասում եմ՝ Սերժ Սարգսյանը 24 ժամ տվեց, մի բան գտա՞վ, ասե՞ց։
– Պարո՛ն Շարմազանով, այսինքն՝ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվում են, ընդամենը տեսարաններ ապահովելու նպատակո՞վ։
– Մի հատ փակված գործերը հիշեք, մեկ-երկու տարի առաջ ո՞ւմ վրա էին քրգործեր հարուցվել, ո՞ւմ բռնեցին, ո՞ւմ ազատ արձակեցին, ո՞ւմ հետ գործարքի գնաց։ Նիկոլ Փաշինյանն ինչից խոսել է, ինքը դրա բարդույթն ունեցել է․ խոսել է արդարությունից, ամենաանարդարն է, խոսում է հաղթանակից, պարտություն բերեց ու այսպիսի մի շարք օրինակներ։
– Իսկ ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանի դեմ ու այս ընթացքում։
– Որովհետև Սերժ Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանությունը պահող վերջին մոհիկանն է, չեմ ասում՝ մյուսները հայրենասեր չեն։ Սերժ Սարգսյանի իշխանության վերացմամբ վերացավ Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետև նա ո՛չ պրոռուսական էր, ո՛չ պրոարևմտյան, ո՛չ էլ պրոթուրքական, նա պրոհայկական է։ Սերժ Սարգսյանը Հայաստանում ղեկավարում է ամենաինստիտուցիոնալ քաղաքական ուժը, և ինքը ամենաինստիտուցիոնալ քաղաքական գործիչներից է։ Եթե վտանգ չզգան, նման բան չեն անի։
– Վտա՞նգ են զգում, պարո՛ն Շարմազանով։
– Իհարկե, բա չե՞ն զգում։ Չեմ ասում՝ միայն այս իշխանությունն է, ընդհանրապես Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու ջատագովները զգում են այդ վտանգը։ Բա ինչո՞ւ է Ալիևը Սերժ Սարգսյանից խոսում, դուք տեսնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի դեմ խոսում են այս իշխանավորները, մեկ էլ Իլհամ Ալիևը զուգահեռաբար։
– Խորհրդարանական ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։
– Կոռեկտ չէ, որ նրանց աշխատանքը գնահատեմ առանձին-առանձին։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, բոլորիս աշխատանքն էլ շատ վատ եմ գնահատում։
– Ինչո՞ւ չեք հաջողում։
– Որովհետև այս իշխանությունն ունի աշխարհաքաղաքական հովանավորներ և ձեռնտու է աշխարհաքաղաքական շատ կենտրոնների, առաջինը՝ սա նվեր է Թուրքիային ու Ադրբեջանին։ Հիշում եք, չէ՞, գլխավոր շտաբի հայտարարությունը որ եղավ, միայն Թուրքիան ու Ադրբեջանը պաշտպանեցին սրանց ու դա որակեցին ռազմական հեղաշրջում։
Շատ բարդ իրավիճակ է, այստեղ խնդիրը ներքաղաքական չէ, աշխարհաքաղաքական է, ու մեր խնդիրն այն է, որ մենք ինֆորմացիա չունենք, թե ինչ են բանակցում։ Հայաստանում իշխանությունը փոխվում է, ինչպես նաև 2018 թվականին, աշխարհաքաղաքական կենտրոնների ցանկությամբ։
Այդ կենտրոններին պետք չէր Հայաստանում ունենալ ազգային ինքնիշխան պետություն, դրա համար էլ 18 թվականին եղավ իշխանափոխություն, ինչն ամենևին չի նշանակում, որ 18 թվականի իշխանությունը եղել է բյուրեղյա ու որևէ խնդիր չի ունեցել։
Ո՛չ, շատ մեղավոր է եղել ու ունեցել է բազմաթիվ խնդիրներ, բայց, այդուհանդերձ, սպասարկել է պետական շահը, իսկ այսօրվա իշխանությունը ձեռնտու չէ միայն ու միայն Հայաստանի Հանրապետությանը, մյուս բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռնտու է, որովհետև էնքան թուլացած ու ոչ պրոֆեսիոնալ են, որ ով ինչ ուզի՝ սրանց ձեռքից կարող է վերցնել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am