Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը. Հայկ Մարության
Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը` շնորհավորելով Երեւանի տոնը:
«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։
Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։
Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։
Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»,- գրել է նա։