Հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանի հանդիպումների և օրակարգի մասին
«Մոտավորապես 2018-ի ապրիլի 23-ից հետո հակաղարաբաղյան շարժման պարագլխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում», – Փաշինյանի հնարավոր հանդիպումներից ակնկալիքների մասին հարցին ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը շեշտեց, որ խորհրդարանական ընդդիմության բոլոր պահանջներն իշխանության ներկայացուցիչներից՝ պարզաբանել, թե ինչ վիճակում է այժմ բանակցային գործընթացը, անտեսվում են։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրա հետ կապված առաջարկելու է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի նրանք չկարողանան դրանից խուսափել, բայց թշնամի երկրների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության բանակցողների ընդհանուր հռետորաբանության վերլուծությունը հուշում է, որ որևէ լավ բան այդտեղից ակնկալել շատ դժվար է», – ասաց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում հայկական կողմի «իբր բանակցողները» պետք է կարողանան գոնե այնպես անել, որ Արցախի կարգավիճակի, առհասարակ, արցախյան հիմնախնդրի լուծումը պահպանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։
«Թշնամին անընդհատ փորձում է գեներացնել նոր հարթակներ, շրջանցել, խնդիրը տեղափոխել այլ հարթակներ, ինչը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից դիվանագիտական ինքնասպանություն է», – ասաց Մամիջանյանը։
Համեմատելով ՄԱԿ-ում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները, նա ընդգծեց, որ եթե այդպիսին է Փաշինյանի հրապարակային խոսքը, ապա հարց է առաջանում, թե փակ հանդիպումների ժամանակ նա ինչ է խոսում ու խոսելու։
«Հայկական կողմը պարտադիր ու անդադար պետք է միջազգային օրակարգում պահի հայկական տարածքների՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Համաշխարհային հանրության համար պետք է ընկալելի և պարզ լինի, որ դրանք հայկական հողեր են, մեր հայրենիքն են, որն օկուպացված է թշնամու կողմից։ Երկրորդը՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է մշտապես պահվի միջազգային հանրության և գոնե հայկական օրակարգի առաջնային կետերում։ Թե որքանով է դա արվում, տեսնում ենք բոլորս», – ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։