Հույս ունեմ՝ Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն և կներկայացնեն հանրության ակնկալած հարցերի պատասխանները. Տիգրան Աբրահամյան
Այս պատերազմից հետո իշխանության առաջին քայլը պետք է դառնար իրական, օբյեկտիվ քննության անցկացումը, ինչը սակայն, իրենց իշխանության պարագայում որևէ ձևով չէր ստացվելու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Այս հարցի վերաբերյալ օբյեկտիվ քննություն կլինի և իրական պատասխանատուներին կիմանանք այն պարագայում, երբ այս իշխանությունը չլինի և գործընթացին որևէ ձևով չխանգարի», – ասաց Աբրահամյանը՝ պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման վերաբերյալ հարցին։
«Իշխանությունն իրավիճակից դասեր քաղելու, մեր անվտանգային համակարգում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու փոխարեն զբաղված է պատերազմի իրական պատճառները ուսումնասիրելով, իրական պատասխանատուներին համապատասխան ընթացակարգով պատասխանատվության ենթարկելով», – նշեց պատգամավորը։
Աբրահամյանն ասաց, թե նախընտրելի կլիներ, որ պաշտպանության բոլոր նախարարներն էլ խոսեին։
«Չեմ կարծում, թե այն ասելիքը, ինչ նրանք ունեն, ամբողջությամբ գաղտնիության քողարկման տակ է։ Կան ասելիքներ և մարդիկ պետք է հասկանան, որ կարևորն այս կյանքում պաշտոնը չէ, դա ժամանակավոր բան է։ Կարևորը եղելությունն է, մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, դասեր քաղելը և հնարավորություն տալը, որ առաջիկայում կարողանանք ունենալ Հայաստան, որը կարողանալու է ամուր դիրքերից առաջ քաշել իր համար կարևորություն ունեցող օրակարգային հարցեր։
Ժամանակը ցույց է տվել, թե ով ինչի է ընդունակ։ Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը և մնացած պատասխանատուները կխոսեն և կներկայացնեն այն հարցադրումների պատասխանները, որը հանրությունը նրանցից ակնկալում է», – ասաց Տիգրան Աբրահամյանը։