19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀ-ն փաստացի գրեթե գոյություն չունի, կա Արեւելյան Հայաստանի տարածք, որը բնակեցված է հայերով». Էդուարդ Շարմազանով

«Արեւմուտքը տարածաշրջանում «նայող» է նշանակել Թուրքիային: Դրա վառ օրինակը մենք տեսանք Վրաստանում, երբ արեւմուտքն ամեն կերպ օժանդակում էր Վրաստանին, իսկ այժմ Վրաստանում Թուրքիան ամենաազդեցիկ պետությունն է դարձել: Այս իմաստով, ՀՀ-ն պետք է գիտակցի, որ երկարաժամկետ ռազմավարության մեջ իր անվտանգային ապագան պետք է կապի ՌԴ-ի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանային հանդիպումներին եւ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին: Դրա համար, ըստ նրա, երեք կարեւոր խնդիր պետք է լուծել՝ «ապազգային, կապիտուլյացիա բերած եւ ապաշնորհ իշխանության հեռացում», թե ինչպե՞ս` չգիտի, բայց գտնում է, որ դրա համար նախատեսված բոլոր գործիքները պետք է գործարկվեն, խորացնել ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները՝ բարձրացնելով անվտանգային մակարդակը, էապես վերանայել կրթական համակարգը՝ նախակրթարանից մինչեւ բուհ՝ հստակ ընդգծելով, թե ՀՀ ինչպիսի՞ քաղաքացի եւ պետություն ենք ուզում ունենալ. պետություն, որը զուտ սիմվոլներ ունի, թե՞ 21-րդ դարի ազատ եւ անկախ պետություն: Դիտարկմանը՝ իշխանությունը հայտարարել է՝ կառավարության ծրագրերում էլ ամրագրված է՝ խաղաղ պետությունում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Դա խաղաղություն չէ, դա չորեքթաթ իրավիճակ է եւ Ալիեւ-Փաշինյան, Էրդողան-Փաշինյան հարաբերությունները մուրացկանություն են»: Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանը թուրքական պետությունների ղեկավարներից հանդիպումներ է մուրում, որոնց ի պատասխան ստանում է նոր պահանջներ, օրինակ, ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին: Էդուարդ Շարմազանովի կարծիքով, հավանաբար խոսքը գնում է Սահմանադրության պրիամպուլայի փոփոխության մասին, որտեղ անկախության հռչակագրից փոխանցվել է ցեղասպանության ճանաչման մասը: Համենայնդեպս, Էդուարդ Շարմազանովը չի զարմանա, որ եթե գործող իշխանությունը մնա իշխանության, Ալիեւը կամ Էրդողանը պահանջեն Հայաստանի անունը փոխել Էրմենիստան, «սրանք նորից կլռեն»:

«Մարդը, որը հայտարարում էր՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչը բերեց պատերազմի, այսօր վախենում է հայտարարել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են: Այսօր ՀՀ փաստացի գոյություն չունի, կա Արեւելյան Հայաստանի տարածք, որը բնակեցված է հայերով, որովհետեւ պետական ինստիտուտները չեն գործում, ՀՀ-ից այսօր որեւէ բան կախված չէ. ամբողջ հանրությունը սպասում է՝ Էրդողան-Պուտինն ի՞նչ են որոշում, Ալիեւն ի՞նչ է ասում, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան ինչ են ասում»,- ասաց նա: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը ՀՀ ներքաղաքական օրակարգը այն մասով, ինչ անում է իշխանությունը, համարժեք չի համարում տեղի ունեցող գործընթացներին: Քաղաքական փոքրամասնության՝ ընդդիմության գործունեության մասին ձեռնպահ է մնում կարծիք հայտնել: Մի բան ակնհայտ է համարում՝ իր բոլոր սխալներով եւ թերություններով հանդերձ կարծում է, որ այս ընդդիմությունն ավելի արդյունավետ եւ ռադիկալ է, քան նախորդը, որը կանաչ լույս վառեց կապիտուլյանտ ռեժիմի առջեւ՝ արտահերթ ընտրությունների հարցում: Մեծ հաշվով խնդիրը նա համարում է ազգային եւ ոչ միայն իշխանության կամ ընդդիմության. «Հայաստանը կամ չորեքթաթ վերածվում է թուրքական վիլայեթի, կամ հույս է լինում նոր, ազգային Հայաստան կերտելու»: Իշխանության հետ իր ֆունդամենտալ տարբերությունը ԱԺ նախկին փոխխոսնակը համարում է այն, որ ՀՀ իշխանությունը խաղաղություն է ակնկալում բայրաքթարներով մեզ սպանողներից: Անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանը պետք է բան անի, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբից, ԱՄՆ-ից, Չինաստանից կամ մեր դաշնակցից ինչ-որ բան ակնկալենք»:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան
aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ