…Իսկ վաղը պատերազմ էր. նախքան 44-օրյան եղած որոշ փուչիկների մասին
Մեկամյա վաղեմության ճակատագրական ու նաև ողբերգական իրադարձությունների այս դիտարկումը, կարծում ենք, կարելի է սկսել ընթացիկ որոշակի զարգացման վրա հպանցիկ հայացք նետելով: Հասկանալի է, որ խոսքը Նիկոլի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու մասին է: Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, «թավշյաների» քարկոծած ու մրոտած «նախկինների» շարքում այն քչերից մեկն էր, որ հևիհև վազեց Նիկոլի հետ համագործակցելու, ապա 2018-ի իշխանազավթումից հետո սիրով ընդունեց պաշտպանական գերատեսչությունը գլխավորելու առաջարկը: Դավիթ Տոնոյանի կերպարը հետաքրքիր է նաև այն առումով, որ նա և՛ «նախկինների» օրոք է ՊՆ-ում բարձր պաշտոն ունեցել (փոխնախարար) ու ոչ միայն ՊՆ-ում, ապա ծառայության է անցել Նիկոլի մոտ, ի լրումն՝ 2018-2020 թվականներին, ըստ որում՝ «44-օրյա պատերազմի» ժամանակ եղել է պաշտպանության նախարարը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունների հիմնական կատարողներից և պատասխանատուներից մեկը:
Բովանդակային տեսանկյունից Դավիթ Տոնոյանին պիտի մեղադրանք ներկայացնեին ու կալանավորեին դեռ պատերազմի ընթացքում (իրենք էլ հո հրաշալի տեղյակ էին, թե ինչեր են արել, ինչ վնասներ են պատճառել Հայոց բանակին): Կարող էին պատերազմից անմիջապես հետո դիմել այդ քայլին: Կարող էին պատերազմից 1-2 ամիս անց անել դա: Բայց իրողությունը, որ պատերազմից մոտ մեկ տարի անց միայն Նիկոլը «հիշեց» Դավիթ Տոնոյան անուն-ազգանունով «քավության նոխազի» մասին, հուշում է, որ նրա կալանավորումը գերազանցապես քարոզչական ու քաղաքական նպատակներ է հետապնդում: Մասնավորապես. մեկամյա վաղեմության ողբերգական դեպքերի քննարկումների ու անդրադարձերի ուղղությունը շեղելու, առհասարակ՝ ուշադրություն շեղելու, ինչպեսև տվյալ «քավության նոխազի» հաշվին կամ այդ չափով մեղադրանքներից «մաքրվելու», տեղի ունեցածի ու գործած մեղքերի համար պատասխանատվությունն ուրիշ(ներ)ի վրա բարդելու նպատակ:
Բայց դա թիվ 1 պատասխանատուի և մեղավորի հերթական ջղակծկումն է ընդամենը: Իսկ թիվ 1 պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որքան էլ որ նա լինի անպատասխանատու կամ որքան էլ որ մի 666 հազար քվեաթերթիկ նրան անթև հրեշտակի տեղ դնի:
Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ «գլուխկոնծիներ» էլ որ տա, միևնույն է, արդեն իսկ կատարված իրողություն է այն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հետևողական քայլերով տապալեց ու պատերազմական փակուղի մտցրեց Արցախի հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ընթացող բանակցային գործընթացը: Նա մեկ հայտարարում էր «զրոյական կետից» բանակցություններն սկսելու մեաին, մեկ բանակցային գործընթացում «միկրոհեղափոխությունների» մասին էր խոսում, մեկ վերելակում ինչ-որ բաներ էր պայմանավորվում Ալիևի հետ, մեկ, ինչպես պարզվեց, գաղտնի բանակցություններ էր վարում նույն Ալիևի հետ, նրանից Արցախը ծախելու վերաբերյալ գրավոր առաջարկ էր առնվազն քննարկման ընդունում և այլն և այլն:
Շատ բաներ կարելի է հիշեցնել, այդ թվում՝ «Արցախը հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը: Արցախի ազատամարտի լեգենդար հրամանատար Ազգալդյանի այդ խոսքը կրկնող անարժանը, ի դեպ, ոչ միայն թեթևորեն հանձնեց Արցախը, այլև արդեն 1 տարի է, ինչ նույն Նիկոլը հրապարակավ հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական է, որ Տեղ գյուղից այն կողմ ադրբեջանական տարածք է, որ Շուռնուխն ու Որոտանը ադրբեջանական են և… վե՛րջ:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի ու նիկոլականների «զրոյական կետից» քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը բանակցային կողմից վերածվեց բանակցության կամ ուրիշների արտաքին-քաղաքական առևտրի առարկայի:
Ոչ պակաս ուշագրավ է և «հուլիսյան մարտերի» դրվագը: Կհիշեք, 2020-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի Մովսես և Չինարի սահմանապահ գյուղերի մերձակա տեղամասում մարտեր սկսվեցին, որոնք տևեցին մոտ մեկ շաբաթ: Այդ ընթացքում հայկական զինուժը ոչ միայն հետ մղեց ադրբեջանական կողմի հարձակումները, զսպեց այդ գործողությունները, ապա պատասխան գործողություններով մերոնք բարելավեցին դիրքերը:
Նման՝ տեղային նշանակության մարտեր կամ մարտավարական շարժեր եղել են նաև անցյալում, այլ հարց, որ նախկինում պետության ղեկավարները, սովորաբար, առանձնահատուկ չեն սևեռվել դրանց վրա՝ սեփական անձը գովաբանելու և կարևորելու առումով, դա անձնական փառաբանման առարկա չեն սարքել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը սարքեց: «Հուլիսյան մարտերից» անմիջապես հետո, առաջին փաղանգի նիկոլականները այնպես էին փառափանում Նիկոլին, որ դրանից հետո երևի մնում էր նրան գեներալիսսիմուսի կոչում շնորհել: Բնութագրական է և այն, որ հենց այդ օրերին, ինչպես անձամբ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ նրա կարկառուն զինակիցները գովեստներ էին շռայլում Հայոց զինուժի, բանակի հասցեին: Այն ժամանակ նրանք «մոռացել» էին իրենց իսկ քարոզչական փուչիկները, որ այդ բանակը, իբր 25 տարի շարունակ քայքայվել էր, թուլացվել, անպիտանության հասցվել…
Այդ նիկոլական փուչիկները դրանց հեղինակները դեռ կվերհիշեն՝ «44-օրյա պատերազմից» հետո, իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը բռերով «Մարտական խաչ» շքանշաններ էր բաժանում, Էրդողանին ու Ալիևին «լեզու էր ցույց տալիս», չնայած հրաշալի տեղեկացված էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը զինտեխնիկա և զինուժ են կուտակում Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, պատրաստվում են լայնածավալ մարտական գործողությունների, զորավարժություններ են անցկացնում, իսլամական տեռորիստների հրոսակներ են տեղափոխում…
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն պատերազմի նախօրեին հայտարարեց, թե այնպիսի փաստեր է հրապարակելու, որից Ադրբեջանը ներսից պայթելու է: Մինչև հիմա այդ «պայթուցիկը», որ ակնհայտորեն հերթական նիկոլական փուչիկն էր, այդպես «օդում կախված» էլ մնաց: Իսկ, այ, ինչում հաջողեց Նիկոլ Փաշինյանը, այն է, որ Արցախը «վառեց»՝ մոտ 75-80 տոկոսը նվիրելով Ալիևին, իսկ հիմա կտոր-կտոր ՀՀ տարածքն է վառում:
Արմեն Հակոբյան