՛՛Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան .. ՛՛
Մոսկվայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
“Քանի որ ժամանակ առ ժամանակ չարախոս որոշ մարդիկ համացանցով դիտավորյալ միակողմանի տեղեկություններ են մատուցում Մոսկվայի հայկական եկեղեցու գործունեության առնչությամբ, ապա որոշեցինք ընթերցողներին բազմակողմանի և լիարժեք տեղեկություն հաղորդելու նպատակով այս համեստ գրությունը տարածել:
Դեռևս 1997 թվականին ի նշանավորումն Մոսկվայի 850-ամյակի` Բագրյանների ընտանիքի նախաձեռնությամբ իրենց իսկ ռեստորանային տարածքում կառուցվում է Ս.Գևորգ մատուռը, որը երբեք թեմապատկան չի եղել, այսինքն` իրավաբանորեն այն չի պատկանել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, հետևաբար չի կարող ունենալ նաև նույնանուն կրոնական համայնք կամ ծուխ:
Այն որպես աղոթատեղի, որի դռները կառուցումից ի վեր մշտապես փակ են եղել նախկին առաջնորդի հետ տարաձայնության պատճառով, գործել է Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ` ընդառաջ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարիմ հոգևորականներ` Տ.Մարկոս աբեղա Հովհաննիսյանի, Տ.Գևորգ քհն. Վարդանյանի, Տ.Տիրան քհն. Ավագյանի, /Իսկ ուր էր այդ ժամանակ Մարտիրոս Բերբերյանը/ և էջմիածնասեր հավատացյալների խնդրանքին:
Ի դեպ, 12-ամյա առաջնորդության տարիների ընթացքում թեմի կյանքում չի եղել որևէ կառույց կամ եկեղեցի որ անգործության մատնվի, ընդհակառակը` ստեղծվել են նորերը, բարեզարդվել խոնարհվածները:
Բնավ նպատակ չունենալով անդրադառնալ Սրբազան հոր ավելի քան 25 տարվա բարեբեր գործունեությանը սկսած Պետերբերգյան տարիներից, պարզապես մի քանի թիվ հիշատակենք և պատկերն ինքնին խոսուն կդառնա:
Կրոնական համայնքների թիվը 10-ից հասել է շուրջ 70-ի, 10 եկեղեցու փոխարեն այսօր գործում է 31-ը, կառուցվում է 18 եկեղեցի, հազարավոր երեխաներ հոգևոր կրթություն ու հայեցի դաստիարակություն են ստանում նորաստեղծ Հայորդյաց տներում: Այսօր միանշանակ կարելի է ասել, որ Սրբազան հոր անձի շնորհիվ ձևավորվեց վստահության ու ազնվության այն մթնոլորտը, որը հիմք ստեղծեց համախմբվելու և կառուցելու համայն աշխարհի հայության համար պարծանք հանդիսացող Մոսկվայի եկեղեցական համալիրը:
Կգտնվի մի մարդ, արդյոք, ով կվկայի, թե Սրբազան հայրը երբևէ դիմել է որևէ անձի եկեղեցու շինարարությանը նյութապես աջակցելու խնդրանքով:Բնավ: Իր շուրջը համախմբված ազնվասիրտ ու բարեպաշտ հայորդիների ջանադիր նվիրումով կյանքի կոչվեց Սուրբ Պայծառակերպություն անունով հրաշքը:
Ովքեր են այն մարդիկ, որ երևակայական համայնքի անվան տակ համացանցով գրություններ են տարածում, հանդես գալիս մատուռում պատարագներ անցկացնելու պահանջով, /անգիտությամբ կամ միտումնավոր մատուռն անվանում եկեղեցի, իսկ իրենց` համայնք/ համառորեն խեղաթյուրում պարզ ճշմարտությունները և մարդկանց ապակողմնորոշում… ՛՛Բարեպաշտներ՛՛, որոնց համար չարախոսելն արժեք է, իսկ մարդկանց ապատեղեկացնելը` հաղթանակ:
Այդ ՛՛աղոթասեր՛՛ մարդկանց հիշեցնենք, որ Մոսկվայում գործում է երեք եկեղեցի, որտեղ լիարժեք իրականացվում են հայ Եկեղեցու բոլոր խորհուրդները: Եկեղեցու դռները բաց են առավոտից մինչ երեկո, որտեղից հարյուր հազարավոր հավատացյալները վերադառնում են գոտեպնդված, մխիթարված ու հուսադրված:
Եթե սա չի գոհացնում վատաբանող, չարախոսող, Եկեղեցու աստվածադիր հոգևոր իշխանությունը և նրա նվիրական կարգ ու կանոնը զանց առնող, պառակտություն սերմանող, ճշմարտությունը հանուն ես-ի ու անձնական շահի մերժող <<աղոթաասեր մի խումբ հավատացյալների>>, ապա պատճառը փնտրեք ձեր հոգևոր ու բարոյական նկարագրի մեջ, ինչպես հորդորում են եկեղեցական հայրերը:
Եվ ամենևին էլ կարիք չկա թմբկահարել, թե ձեր գումարները պիտի օգնեին կանխելու Մարտիրոս Բերբերյանի կարգալուծությունը, թե պատարագ պիտի մատուցվի ձեր կլորիկ գումարի դիմաց, թե ձեր անձնական շահը նույնանում է Եկեղեցու շահի հետ: Ձեր նման ունևորների համար Ռաֆայել Պատկանյանը գրում է`
Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Միւլք, փող ու ապրանք, կասեն` շատ ունես,-
Բայց թէ փողէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան”:
Մոսկվայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներ