«Դելտա շտամի հետ պայմանավորված՝ Հայաստանում կա մահերի թվի աճ». Սուրեն Պապիկյանը կոչ է անում պատվաստվել
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 764 դեպք, գրանցվել է մահվան 19 դեպք:
«Դելտա շտամի հետ պայմանավորված՝ մենք ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի մեծացում», – ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը:
«Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը», – նշեց նա:
Նախարարի խոսքով՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել:
Ավանեսյանն ասաց, որ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է ու առողջապահական համակարգին թույլ տալ հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:
Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստիացնելու վարակակիր չլինելը՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:
Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե այս փաստը կարևոր է, քանի որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:
Նախարարն ասաց, թե պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը կազմում է 70 տոկոսից բարձր ցուցանիշ:
Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանը թե աշխարհի մասշտաբով, թե տարածաշրջանի մասշտաբով առաջնային տեղ չունի պատվաստված քաղաքացիների թվով:
«Սա խիստ մտահոգիչ է, մենք հայտնվում ենք կարմիր «զոնաներում», որի արդյունքում ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կարող են հեշտությամբ լինեն տարբեր երկրներում: Իմ կոչն է՝ հնարավոինս արագ պատվաստվել», – ասաց Պապիկյանը: