Պարզ ասում են. ընտրվեցի՞ր, շնորհավորում ենք, դե գնա՝ ցավոտ հարցերը լուծիր
ԱԺ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված տեսարաններից տպավորված հանրությունը ԱԺ-ում ծագող տուրուդմփոցների արանքում առանձնապես ուշադրություն չդարձրեց ԱԺ նորընտիր ղեկավարության պահվածքին։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն իրավունք վերապահեց ընդհատել ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Վահե Հակոբյանի ելույթը եւ իր անհամաձայնությունը հայտնեց նրա ասածներին։ Մի բան, որ չտեսնված ու չլսված երեւույթ է պառլամենտարիզմի պատմության մեջ։ Ապա մեկ օրվա մեջ երկու անգամ օգտվեց արտահերթ ելույթ ունենալու իր իրավունքից։ Բացահայտորեն սահմանափակեցին լրագրողների տեղաշարժն ու լուսաբանումն ԱԺ-ում եւ զինված մարդկանց մտցրին ԱԺ նիստերի դահլիճ։ Սրանք եւս աննախադեպ քայլեր են։
«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է, ով համաձայն է այն մտքի հետ, որ ԱԺ նախագահը պարտավոր է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ Այլ բան է, որ սրա ընկալումը ոմանց մոտ աղավաղված է։ «ԱԺ բնականոն գործունեություն՝ նշանակում է, որ պատգամավորը կարողանա իր տեսակետները մինչեւ վերջ արտահայտել։ Եվ ԱԺ նիստը վարողը պարտավոր է ապահովել նրա այդ իրավունքը։ Բայց այստեղ խնդիրն այլ է, այստեղ ռեսուրսների պայքար է։ Իշխանությունն ասում է՝ ես ունեմ ոստիկանություն, ես ունեմ Ազգային անվտանգության ծառայություն, ես ֆիզիկապես ԱԺ պատգամավորներին կծեծեմ, որովհետեւ նրանք մտքեր են ասում, որոնք իմ դուրը չեն գալիս։ Սա են ասում»,- ասաց Նիկոյանը։
– Պարոն Նիկոյան, Դուք, մյուս ԱԺ նախագահները նման դեպքերում ինչպե՞ս էիք վարվում։
– ԱԺ բոլոր նախագահներն էլ ունեցել են այդ խնդիրները, որոնք միշտ էլ եղել են։ Եթե հիշում եք՝ Նիկոլն ասում էր՝ շիշը չգիտեմ ում գլխին կտամ, կամ ԱԺ դահլիճում ծուխ էին բաց թողնում (Զարուհի Փոստանջյանն էլ «Մուկ» մականունով ԱԺ նախկին նախագահի համար կատու էր ԱԺ տանում՝ Ա․ Դ․), սպասեցինք, մինչեւ իրենց քաղաքական ակցիան ավարտեցին, ոչ մեկը ոչ մեկին ո՛չ դուրս հրավիրեց, ոստիկանական, անվտանգային ուժերն էլ՝ ոչ մի միջամտություն։ Ինչո՞ւ․ որովհետեւ նախկին բոլոր ԱԺ նախագահները համարել են, որ անվտանգության ուժերը բոլորինն են․ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը։ Հիմա մենք տեսնում ենք, որ անվտանգության ուժերին պահում են որպես մահակ։ Ու ահավոր ափսոսում եմ, որ տղերքը, որոնք մինչեւ հիմա շատ նորմալ տղաներ էին, բոլորի հետ հարգալից՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, վերածվել են գործիքի, որ նիստերի դահլիճում քաշքշեն մարդկանց, ծեծեն ընդդիմադիրներին։ Եվ եթե հիշում եք, ինչ էլ տեղի ունենար, ԱԺ նախագահներն առանձնահատուկ դրական վերաբերմունք են ունեցել ընդդիմության նկատմամբ, առանձնահատուկ հնարավորություններ են տվել նրանց։ Օրինակ՝ երբ նրանց ժամանակը սպառվում էր, խոսափողը չէին անջատում՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր պատգամավոր է, որ նրան, այսպես ասած, չնեղացնենք։ Հիմա, նորից եմ ասում, ռեսուրսների պայքարը պատգամավորին ֆիզիկապես ծեծելով լռեցնելն է։
– Ձեր՝ հանրապետականներիդ անունն էր դուրս եկել, տեսա՞ք, թե հիմա ինչքան շմայսներ ունենք։
– Կյանքը ցույց տվեց, որ Շմայսն ամենաքաղաքակիրթ, շնորհքով պատգամավորն էր, հայրենասեր, եղբայրներով պատերազմով անցած տղա։ Հա, միգուցե ակադեմիական կրթություն չուներ, քաղաքական գործունեությամբ առանձնապես աչքի չէր ընկնում, բայց որ համեմատում ես, ստացվում է, որ Շմայսը բավականին գիտակից տղա էր։
– Ասում եք՝ կանչում են, որ ծեծեն։ Իսկ բովանդակային անդրադարձների մասով ի՞նչ կասեք։ Օրինակ, Ալեն Սիմոնյանն ասում է՝ չպետք է ասեք «Նիկոլ», կամ ընդհատում է ամբիոնի մոտ ելույթ ունեցողի խոսքն ու իր անհամաձայնությունն է հայտնում նրա ասածին։ Ասում է՝ օրինակներով խոսեք եւ այլն։
– Կրկնում եմ՝ երբեք ԱԺ նախագահը չի կարողացել ելույթ ունեցողներին ընդհատել, նրան ուղղել, ուղղորդել կամ քննարկել նրա ելույթը։ Դրա վերջում կարող է մեկ-երկու նախադասություն ասեր՝ ռեպլիկի կարգով։ Հիմա Հայաստանի պառլամենտում եւ ամենուր տեղի ունեցող պրոցեսները որեւէ աղերս չունեն օրենքի, օրինականության, ԱԺ կանոնակարգ օրենքի եւ կամ Սահմանադրության կամ պետության հետ, ընդհանրապես։ Իրենց նպատակն է՝ ուժային պայքար՝ իշխանությունն ամրապնդելու համար։ Սա է եւ վերջ։ Հայրենիքն էլ կտան, հայրենիքն էլ կծախեն, պետք լինի՝ եւս 5 հազար երիտասարդ կզոհեն, միայն թե իրենց իշխանությունը պահեն։ Վերջ, սա է։ Իշխանությունն ունի այդ գործիքակազմը եւ ուժային կառույցներին քսի է տվել պատգամավորների վրա։ Ու էդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես պառլամենտը կարող է մտնել ըստ էության կամ չգիտեմ ինչ քննարկումների դաշտ։ Դրանց հետ ի՜նչ քննարկես։
– Նաեւ վիճակն անելանելի է․ շատերն ասում են, որ այդ ծեծկռտուքներն ամեն օր են լինելու․ ընդդիմությունը չի հրաժարվելու իր հռետորաբանությունից, տոնայնությունից, որովհետեւ իրենց ընտրողները հենց դրա համար են ձայն տվել իրենց, իշխանությունն էլ փորձելու է լռեցնել՝ ուժային եղանակով։
– Ընդդիմությունը դա չանելու այլընտրանք չունի, որովհետեւ այդ ընտրությունը դրսից մեր վզին փաթաթված ընտրություն էր, որպեսզի Նիկոլի ձեռքով լուծեն այն խնդիրները, որոնցից միակ տուժողը լինելու են հայոց պետությունն ու հայ ազգը։ Մնացած բոլոր պետությունները շահառուներ են։ Տուժողը մենք ենք։ Այդ իսկ պատճառով նա կարողացավ, այսպես ասած, հաղթանակ տանել։ Եվ դա բոլորին էլ ձեռք է տալիս։ Ինքն ասում է՝ ինձ ընտրել են։ Քեզ չեն ընտրել, քեզ ընտրել են տվել։ Իրենց նա ձեռք էր տալիս, որովհետեւ իր էությունը՝ վախկոտ, կապիտուլյանտ, մորթապաշտ, որ ինքը հայրենիքը չի զգում, ինքը զգում է միայն իր աթոռը, իր ամառանոցը։ Այդպես է մտածում նաեւ իր թիմի գրեթե մեծամասնությունը։ Եվ դուրսը, մեզ շրջապատող երկրները, այդ ամեն ինչը շատ լավ հասկանալով, իրենց ազգային օրակարգն առաջ են տանում։ Դրա համար պարզ ասում են․ ընտրվեցի՞ր, շնորհավորում ենք, դե գնա՝ ցավոտ հարցերը լուծիր։ Գիտես, չէ՞, որ լուծելու ցավոտ հարցեր կան։
Անուշ Դաշտենց
hraparak.am