Երևանի «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն այլևս պատմական չէ․ տեղում բարձրահարկ շենք կկառուցվի. hetq.am
hetq.am-ը գրում է
Երևան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար պատմամշակութային արժեք համարվող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշումն ընդունվել է 2021 թ.-ի հուլիսի 26-ին: Այդ որոշումը միակն է, որ հուլիսի 26-ին ընդունել է գործադիրը (գրավոր ընթացակարգով)։
«Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով։ Այն սկիզբ է առնում Քանաքեռի հիդրոէլեկտրակայանից՝ Հրազդան գետի ձախ ափից։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում կառուցված ջրանցքը մի քանի անգամ վերակառուցվել է։ 1887 թ., 1923թ․, 1940-1950 թթ.-ին ջրանցքը վերակառուցվել է, որպեսզի ջուր հասցվի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի լիճ։ Ջրանցքի վերաբերյալ տվյալներ կան Գ․ Մուշեղյանի՝ «Ջրամատակարարման հարցերը Էրեբունիում և Թեյշեբանիում» աշխատությունում։
Ջրանցքի մի հատվածն անցնում է Ազատության պողոտայի և Պարույր Սևակ փողոցի հատման մասով, որտեղ գտնվում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։
Տարիներ առաջ ինստիտուտի տարածքում գտնված ջրավազանն օտարվել է, մի շարք սեփականատերեր փոխել, որից հետո տարածքի վերջին ձեռքբերողը՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որոշել է ջրավազանի տեղում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։ Օրերս կառուցապատմանը դեմ արտահայտվող գիտաշխատողները կառավարության դիմաց բողոքի ակցի էին անցկացրել։
Ով է Երևանում 1 մլն դրամով հող գնել և 1 տարի անց վաճառել 247 մլն դրամով
«Աբուհայաթ» ջրանցքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից հանելու որոշմանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներդրումային ծրագրերի քննարկումը։ «Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը»,- ասված է հուլիսի 21-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում։
Վարչապետը լսել է խորհրդակցության մասնակիցների պարզաբանումները և հանձնարարել ներդրողին՝ ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև՝ կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- ասել է վարչապետը:
Այս ամենին արդեն հաջորդել է կառավարության որոշումը, որում ջրանցքի մի մասը հուշարձանների ցանկից հանելու համար որպես հիմնավորում նշվել է, որ հուշարձանի ուղեգծի Ազատության պողոտայից Կարապետ Ուլնեցի փողոցի հատվածը վերակառուցումների հետևանքով կորցրել է պատմամշակութային արժեքը և օրենսդրությամբ սահմանված դրույթներով պետական պահպանության ենթակա մաս չի կազմում։ Այսինքն, անշարժ հուշարձանի մի մասը պետությունը պետք է պահպանի, մյուս մասը՝ ոչ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հուլիսի 21-ին կայացած խորհրդակցությունում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքի մասին տվյալներ է հայտնել։ Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է ջրանցքի հետագա պահպանման կամ կոնսերվացման նախագիծ-առաջադրանք և դա փոխանցել Երևանի քաղաքապետարանին։