Աստվածաբան, նախկին պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտորի նոր ժ/պ
Այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում համալսարանականներին ներկայացրեց ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին: Նախարարը տեղեկացրեց, որ ընդունել են ԵՊՀ ռեկտորի արդեն նախկին ժ/պ Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը, և այսօր իր աշխատանքային վերջին օրն է:
«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատվել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը, որը աշխատանքի կանցնի վաղվանից՝ ամսի 6-ից»,- ասաց Դումանյանը և շնորհակալություն հայտնեց Գեղամ Գևորգյանին աշխատանքի համար:
Հովհաննես Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքի կազմում եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր: 2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, մասնագիտությամբ աստվածաբան է։ Վահրամ Դումանյանը նշեց, որ Հովհաննիսյանն ԱԺ-ում եղել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման աշխատանքներում մեծ ներդրում ունի:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքը նախագահը չի ստորագրել և ուղարկել է ՍԴ: Օրերս հայտնի դարձավ, որ օրենքի մի շարք կետեր համարվել են սահմանադրությանը, մասնավորապես՝ 38-րդ հոդվածի 3-րդ մասին, հակասող, ըստ որի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:
Իր ելույթի ընթացքում ԵՊՀ ռեկտորի նոր ժ/պ-ն ասաց, որ առանձին հանդիպումներ կունենա համալսարանականների հետ՝ իմանալու նրանց մտահոգությունների մասին:
«Մի շատ կարևոր բան կա, որ համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից, դրանք պետք է թողնենք անցյալում, ինքս այստեղ եմ եկել՝ որպես ապակուսակցական, այլևս ապաքաղաքական մարդ, և համալսարանն այլևս չի տեսնելու այն, ինչ տեսել է նախկինում»,- ասաց Հովհաննիսյանը և շնորհակալություն հայտնեց նախկին ռեկտորներին համալսարանի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար:
Նա հույս հայտնեց, որ իրենց աշխատանքը կանցնի հանգիստ մթնոլորտում, առանց վայրիվերումների: