Ալիևի հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղ օգտվել կոմունիկացիաներից․ Արտակ Զաքարյան
Արցախից օկուպացված տարածքներում վարչատարածքային բաժանում անելը և հարավային հատվածը Արևելյան Զանգեզուր կոչելը քաղաքական մեծ պրոբլեմ է առաջացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Սա քաղաքական առումով բավականին խնդրահարույց է, և Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտավոր են սրա հետ կապված միջազգային հանրության հետ խոսել, թե ինչպե՞ս է խաղաղապահների առկայության պայմաններում նաև տնտեսություն զարգացնելու այդ գոտիներում, բարդ է ասել և խնդրահարույց է բավականին։
Արևելյան և Արևմտյան Զանգեզուրներ անվանակոչելով՝ փորձելու են նաև կեղծ պատմական տրամաբանության հիման վրա Հայաստանի Սյունիքի հատվածի հետ կապված նոր պրոբլեներ ստեղծել»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անդրադառնալ այս հարցին, ընդգծեց Արտակ Զաքարյանը, ոչ այնպես զգուշավոր և վախվորած, ինչպես այսօր կապիտուլյանտը անդրադարձավ կառավարության նիստում։
«Մենք՝ հատկապես ընդդիմությունը ևս, պարտավոր ենք ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի սրանք ձեռքները ծալած չնստեն, այլապես կեղծիքներով սնելով՝ աշխարհն էլ անընդհատ փոխվում է, շատ աղբյուրներ այլ կերպ են մեկնաբանվում, չոր, պրագմատիկ շահերի վրա է կառուցվում բոլոր տիպի զարգացումները, և շատերը, նույնիսկ մեր միջազգային գործընկերները, միջազգային տարբեր բիզնես շահեր հաշվի առնելով՝ կարող են նույնիսկ աչք փակել և Ադրբեջանի թելադրած կեղծիքն ընդունել՝ փորձելով օրինականացնել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի շատ ագրեսիվ և շատ վտանգավոր նկրտումները»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Նանկատեց, որ սա չի խոսում խաղաղության մասին։
«Սա չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության կամ պատրաստ է խաղաղ ձևով օգտվել կոմունիկացիաներից, որը ենթադրում է, որ պետք է բացվեն։ Դա նշանակում է, որ, ընդհակառակը, բացվելիք կոմունիկացիաները ավելի վտանգավոր են դարձնելու Հայաստանի ներքին անվտանգությունը։ Ես էլ չեմ ասում սահմանային անվտանգությունը, ներքի՛ն անվտանգության մասին է խոսքը և՛ տնտեսական հողի վրա, և՛ էներգետիկ հողի վրա, և՛ կոմունիկացիոն հողի վրա»,-ասաց Պաշտպանության նախկին փոխնախարարը։
Հայաստանի սուվերեն տարածքի մասին ուղիղ տեքստով այսպիսի հայտարարություններ անելու համար Ալիևը քաղաքական կոռեկտության խնդիր չունի՝ նշեցնա։
«Զարմանում եմ, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի պարագայում մենք պետք է քաղաքական կոռեկտությունից խոսենք, Ցեղասպանություն կատարած երկիրը պարզ չէ՞, որ քաղաքական կոռեկտությունով չի առաջնորդվելու, կամ ամբողջ հայկական պատմամշակութային հուշարձանները վերացնող և Հայաստանի տարածքները պարզ, օրը ցերեկով օկուպացրած պետության ի՞նչ քաղաքական կոռեկտության մասին է խոսքը»,-ասաց նա։
Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններից է, որ մենք պետք է պահանջատեր լինենք և պահանջենք, որպեսզի իրենց դրսևորեն որպես ինքնիշխան պետություն, ոչ թե վիզները ծռած՝ փորձեն ինչ-որ վախվորած հայտարարություններ անել։ «Սա լավ տեղ չի տանելու, սա շատ վտանգավոր է և այստեղ արդեն ամբողջ քաղաքական համակարգը պարտավոր է մեկ ընդհանուր նոտայով հանդես գալ»,-ասաց նա։
Այս վիճակում ՀՀ իշխանությունները մտադիր են ժամկետային պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել՝ դարձնելով 1,5 տարի, ինչը ոչ միայն բանակի մարտունակության վրա բացասաբար կազդի, այլև զինծառողների թվի վրա։։
«Հայաստանն առանց բանակի դա Հայաստան չէ, դա պետություն չէ, դա ընդհանուր օգտագործման կոմունալ տարածք է լինելու, որը ոչ մեկինը չէ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը։ Պետությունը դառնալու է կոմունիկացիաների միջանցք և Հայաստանը այդ խոշոր շահերի հատման կետում չի կարողանալու իր ազգային շահերն ու ինքնիշխանությւոնը առաջ տանել»,-ասաց նա։
Դրա համար, առնվազն, մենք նոմինալ բանակ պետք է ունենանք, ինքնուրույն, սեփական ազգային շահերը պահպանելու ունակ զինված ուժեր՝ նկատեց Արտակ Զաքարյանը։ Իսկ որպեսզի դա լինի, մենք, իհարկե, պարտավոր ենք հիմա արդեն ամբողջությամբ պլանավորել մեր Զինված ուժերի առաջիկա 5 տարիների արագ տեմպերով զարգացման և արդիականացման գործընթացները, և նոր միայն դրանից հետո հայտարարել, թե ժամկետային զինվորական ծառայությունն ինչ տեսքով պետք է լինի, քաղաքացին ինչ պարտավորություն պետք է ունենա, քանի ամիս, քանի տարի, ինչ ձևով, ինչ զորքերով, ինչ ստորաբաժանումներով և այլն։
«Սա բարդ, համակարգային խնդիր է և եթե որևէ մեկն իրեն թույլ է տալիս ասելու, որ մեկ ու կես տարի պետք է լինի, կամ մեկ տարի, կամ 5 ամիս, կամ չգիտեմինչ, դա առնվազն անպատասխանատու, անհեթեթ հայտարարություն է, որովհետև այդտեղից առաջանում են շատ հարցեր։ Իհարկե, այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն, բայց առաջանում են շատ հարցեր, անձամբ ես այդ հայտարարությունն անողներին բազմաթիվ հարցեր ունեմ, որովհետև բանակը չի կարելի բանակումի վերածել, պիոներական ճամբար չէ, որ՝ այսպես ենք ուզում՝ այսպես ենք անում, բանակն ունի նպատակ՝ քո տարածքային առումով և ֆիզիկական առումով անվտանգության պաշտպանությունը պետության կազմակերպելու, և պետությունը պարտավոր է նաև ցանկացած իրավիճակում պատերազմի պատրաստվելու՝ ուզում է՝ խաղաղություն լինի, ուզում է՝ ՀԱՊԿ-ի անդամ լինես, ուզում է՝ ՆԱՏՕ-ի հետ ջերմ հարաբերություն ունենաս, ցանկացած պետություն ցանկացած պահի պետք է պատերազմի պատրաստել»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Մենք սրա մասին պետք է մտածենք, նշեց նա, ոչ թե շարունակենք պոպուլիստական հիմար հայտարարություններ անել ծառայության ամիսների քանակի մասին։
Աննա Բալյան
yerkir.am