Կազբեկը, Դեմավենդը, հիմա էլ՝ Էլբրուսը
Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Ինչպես ֆեդերացիայից են տեղեկացնում, այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ:
Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:
Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4-ին եւ արդեն հուլիսի 7-8-ին կվերադառնան Հայաստան:
Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):