Անասունների հետ քնող Սոնան մանկատուն կգնա՞ /վիդեո/
Սահմանամերձ գյուղերում էի: Տավուշի մարզի երկու սահմանապահ գյուղերը՝ Չինարին ու Չորաթանը ընկերական՝ ֆուտբոլ էին խաղում:Առաջին խաղը՝ Չորաթանում էր, հետո Չինարին հյուրընկալեց հարևաններին:
Ամառվա շոգ օր էր: Օգոստոս ամիսը: Չինարիի դաշտը գտնվում էր հակառակորդի ուշադրության կենտրոնում: Բայց մերոնք չէին վախենում:Խաղացողների աչքերում անթարթ պայքար կար: Բոլորն էլ գիտակցում էին պահի արժեքը, գաղափարը մեկն էր՝ երբեք չզգալ, որ թշնամին հետևում է իրենց:
Ես նստած էի խաղադաշտի սակավաթիվ նստարաններից մեկին: Ծարավը մի տեսակ տանջող էր, բայց չէի կարող բաց թողնել խաղը ու գնալ ջուր գտնելու: Գյուղի երեխաները հավաքվել ու միաձայն բղավում էին՝ Չինարիիի… Չորաթանից եկած մի քանի երկրպագուն էլ՝ չէին ուզում ետ մնալ ու օդում խառնվում ու իրար էին ձուլվում երկու գյուղերի անունները՝ Չորաթան-Չինարի:
Մեկ էլ մի փոքրիկ աղջիկ,մի կերպ ձեռքերում պահելով զովացուցիչ ըմպելիքների շշերը, մի կերպ հաղթահարելով դեպի նստարաններ բերող հողոտ վերելքը՝ հասավ մեզ:
՛՛Ա՛ռ, խմի… շոգա՛՛,-ինձ մեկնելով մի շիշ ասաց նա: Հետո իմացա, որ նրա անունն է՝ Սոնա: 12 ամյա Սոնան դեռ տարրական դասարանի աշակերտ է: Նա ասաց, որ շատ է սիրում իր հայրենիքն ու գյուղը ու երգում է միայն հայրենասիրական երգեր:
Սոնան երգեց՝ իմ համար….
Ավելի ուշ Չինարիի գյուղապետ՝ Սամվել Սաղոյանը պատմեց, որ Սոնայի հայրը ազատամարտիկ է.՛՛Լրիվ ջարդ ու փշուր եղած է՝ իրար կպցրած մարդ: Ամբողջ հոգեկան աշխարհը խախտվել է ու պատերազմից հետո մի հիվանդ աղջկա հետ ամուսնացավ: Հիմա 7 երեխա ունի: Մեկը՝ մեկից շատ թերություններով, առողջ չկա մեջները…՛՛:
Հետո տեսա Սոնայի հորը՝ գունդ ու կծիկ դարձած, առանց սափրվելու, բայց ինքնավստահ … հավատով… երեխաներ ունենալու տենչով:
Սաղոյանը նշեց, որ ինքը հաճախ է մտածում գոնե երեխաներից մի քանիսին մանկատուն տանելու մասին. ՛՛Ախր անասունների հետ են քնում, գնում՝ տեսնում ես գառի ու հորթի հետ քնած: Կենդանիների հետ նույն սենյակում են քնում… ՛՛:
12 ամյա Սոնայի երգը՝ տեսանյութում: