24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Վահե Հովհաննիսյան

Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։

Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխանության գալու պարագայում ինչ անդառնալի աղետներ կլինեն։ Մի օր՝ վաղը, նա իշխանության չի լինելու, բայց եթե այդ օրն ուշանա, ուշ կարող է լինել նաև երկրի համար։

Շատերը, հիմնականում՝ կրթված և պասիվ մարդիկ, մերժելով Նիկոլին, չեն տեսնում հարցն այն սրությամբ, որը նրանց կմոտիվացնի՝ գնալ ու ընտրել։ Մերժել Նիկոլին ու ընտրել՝ այնպես, որ Նիկոլի հաշվարկները ձախողվեն։ Անել իրենց ընտրությունն այնպես, որ խանգարեն Նիկոլին՝ ոչ միայն հավաքել մեծ թվով ձայներ, այլև՝ կազմել կոալիցիա՝ իր հետ նախապես պայմանավորված և այս պահին ընդդիմադիր և «ազնիվ ազգանվեր» խաղացող կուսակցությունների ու դաշինքների հետ։ Ընտրողն այսօր պիտի զգա, որ իր ձայնն իրոք վճռում է երկրի ապագան։

Հասարակության այս լայն շերտը, ցավոք, անհրաժեշտ սրությամբ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Նիկոլի վերարտադրվելը։

Եթե հանկարծ ընտրությունների արդյունքում Նիկոլը վերարտադրվի, սա կնշանակի, որ Հայաստանը բարձրացնում է մեծ սպիտակ դրոշ, որը երևալու է աշխարհի բոլոր կողմերից, և հայն աշխարհի բոլոր անկյուններում լինելու է ստորացված ու խեղճ մարդ։ Այդ դրոշի տակ  ստորագրելու են բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել Նիկոլին և նրանք, ովքեր ընտրությունները համարել են իրենց համար անկարևոր միջոցառում ու մնացել են տանը։ Բայց այդ դրոշի տակ չեն ստորագրելու շատ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ։ Ու սա ստեղծելու է ներքին նոր իրականություն։

Նիկոլի վերարտադրությունը նշանակում է՝ Հայաստանը հոշոտման հանձնել մեր հակառակորդներին։

Սա կտևի ամիսներ, որի ընթացքում տարբեր շոկերի ազդեցության տակ վերջապես կձևավորվեն կրիտիկական տրամադրություններ, անգամ այսօր հիպնոսի տակ գտնվողները կբացականչեն, որ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլից, շատերը կփոշմանեն, կանիծեն իրենց, որ դա չեն արել հունիսի 20-ին, գառ մորթողը դա կանի արդեն ուրիշի ոտքերի տակ, ու տարբեր զարգացումների արդյունքում կփոխվի իշխանությունը, բայց Հայաստանն արձանագրած կլինի նոր և անշրջելի կորուստներ։

Ո՞րն է հետևությունն ընդդիմության և Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդկանց համար. այս վերջին շաբաթում շեշտը պետք է դնել չեզոք ընտրազանգվածին քվեարկության տանելու վրա։ Այս վերջին օրերի խնդիրն է՝ հանրային գիտակցությունը վերածել մեկ միասնական քվեաթերթիկի՝ ընդդեմ Նիկոլի։

Սա շատ կարևոր է՝ ներքին բախումներից խուսափելու համար։ Նիկոլն արդեն օգտագործում է բոլոր այլանդակ մեթոդները՝ վարչական ռեսուրս, շրջիկ միտինգավորներ, աշխատանքից ազատման սպառնալիք, սոցիալական ծրագրերի անվան տակ՝ ընտրակաշառք, «գիժ խաղալով» մարդկանց կատաղեցնել։ Նա պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծման, բայց դա մարսելու համար որոշակի հանրային ֆոն է պետք, և ավտոբուսներով լցվող միտինգների նպատակը հենց դա է՝ ստեղծել տպավորություն, թե ինքն ունի հանրային աջակցություն։

Մեր խնդիրն է՝ անել ուղիղ դրա հակառակը՝ այս վերջին օրերին ձևավորել Նիկոլի տոտալ մերժման մթնոլորտ։ Մենք շատ մոտ ենք դրան, պետք է ընդամենը մի քիչ փոխհամաձայնեցված աշխատանք, ու մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Անպայման պետք է բացել Հայաստանում նոր էջ և խուսափել հետագա կորուստներից։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ