Էդ աստիճանի պրիմիտիվ դեբիլություն մինչև երբ պետք է տանենք. հենց գերիների թեման բարձրանում է, ռուսների գրպանն են գցում. Ռոբերտ Քոչարյան
Գերիների հարցը ամենից զգայունն է այսօր, Թալինում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Գյումրիում հանդիպել եմ գերիների ծնողների հետ։ Խայտառակություն է, որ մինչև այսօր հանրությունը չգիտի, թե ընդհանրապես քանի գերի ունենք, չգիտենք, թե քանի անհետ կորած ունենք։ Անհետ կորածների ծնողները շատ ավելի ծանր վիճակում են։ Ամենից վատն այն է, որ պետությունը չի անում ոչինչ նույնիսկ այդ մարդկանց վիճակը թեթևացնելու համար», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց՝ միջազգային կառույցների կողմից ճնշումը պետք է մեծացնել Ադրբեջանի վրա։
«Գերիները պահվում են մեզանից լրացուցիչ զիջումներ ստանալու համար։ Պետք է ճնշումն Ադրբեջանի վրա մաքսիմալ մեծացնենք, որպեսզի հասկանան, որ գերիներ պահելն անիմաստ է իրենց համար, որ իրենք կորուստ են ունենում իրենց երկրի վարկանիշի մեջ։ Սակայն, ըստ էության, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանն են գցում», – ասաց Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշեց, թե անբարոյական է համարում, որ երկրի ղեկավարը, ոչինչ չանելով այդ ուղղությամբ, ասում է՝ դե ոչինչ, մի երկու ամիս էլ կնստեն, մեզ կներեն։
«Դա այն թեման չէ, որ էժանագին «տրյուկներով» պետք է զբաղվել, էդ աստիճանի պրիմիտիվ դեբիլություն մինչև երբ պետք է տանենք», – ասաց Քոչարյանը։