”Փողոցային, ժարգոնային խոսքը, գռեհկաբանությունները տանում են եթեր”

”Այսօր շնորհավորանքների և լավ խոսքերի օր է, բայց մի փոքր տհաճ հարթություն պետք է տանեմ մեր խոսակցությունը, քանի որ պիտի ասեմ, որ մեր հասարակությանը այսօր չի բավարարում հեռուտատեսության լեզուն”,-այսօր, հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսին նկատեց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը:
Նա նշեց, որ կա ձևավորված թյուր կարծիք, ըստ որի նման խոսքի պահանջարկ կա:
”Փողոցային, ժարգոնային խոսքը, գռեհկաբանությունները տանում են եթեր`հեռուստասերիալների տեսքով կլինի, հումորային հաղորդումների տեսքով կլինի, առանձին հեռուստահաղորդումների տեսքով կլինի, բայց ես ասեմ որ այսօր շատ կարևոր է հեռուստամակարդակը”:
Բանախոսը փաստեց, որ հեռուստալրագրողները արդարացնում են այդ խոսքը, թե հանպատրաստից է հնչում այդ խոսքը. ”Կարելի է նախապատրաստվել այդ խոսքին: Ես, օրինակ, Ձեզ հետ զրուցելուց առաջ` իմ խոսքը կանոնարկելու կարիք չունեմ, սակայն Ձեր մոտ գալուց առաջ մտածել եմ, թե ինչի շուրջ և ինչպես եմ խոսելու”:
Հովյանը մանրամասնեց եթերային խոսքի հիմնական պահանջները.” Հեռուստալրագրողները շատ արագախոս են, գուցե Ձեր տանն էլ ասեն, թե այնպես են խոսում, կարծես շուն է ընկել ետևից: Շեշտադրությունը սխալ է: Հաճախ բառասկզբում կամ բառամիջում են դնում շեշտը, ինչը անընդունելի է: Չարաբաստիկ ”հա”-ն` մի կերպ կարողացանք հայտնի հեռուստահաղորդավարի բառապաշարից հանել”:
Հովյանը տեղեկացրեց, որ լեզվի պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն` առանձին հաղորդումների մասով և շուտով դրանք կուղարկվեն հեռուստաընկերությունների տնօրեններին: