Ի՞նչ միս է օգտագործվում մսամթերքի արտադրության մեջ
Հայաստանում մսամթերքի շուկայի վերաբերյալ ամենատարբեր լուրեր են շրջանառվում: Ի՞նչ որակի միս է այսօր օգտագործվում Հայաստանում, հատկապես երշիկեղենի արտադրության մեջ: ‘’Սպառողների ազգային ասոցիացիայի’’ նախագահ Մելիտա Հակոբյանը հավատացնում է, որ հայ սպառողը անհանգստանալու պատճառ չունի:
’’ Այդ լուրերը` մսի շուկայի մասին, հասարակությանը սարսափեցրել են: Այդպիսի բան չկա Հայաստանում: Մենք բավականին լավ ուսումնասիրել ենք շուկան և կան շատ ու շատ լավ արտադրողներ եւ կան շատ վատ արտադրողներ՛՛:
Անդրադառնալով մսի որակին՝ Հակոբյանը նշեց, որ մասնավորապես երշիկեղենի արտադրության մեջ ամբողջ աշխարհում օգտվում են հնդկական գոմեշի մսից, իսկ դա՝ բանախոսի խոսքով՝ մեր պատկերացրած գոմեշը չէ.
’’Սրանք մեր տանջված, չարչարված, ջլուտ գոմեշները չեն: Մենք գիտենք, որ Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է և նրան բավականին լավ են վերաբերվում և մինչ իր մահը` չեն մորթում’’:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցչին անհանգստացնում է ,որ մեր երկրում աշխատավարձի իննսուն տոկոսը ծախսվում է սնունդ ձեռք բերելու նպատակով:
‘’Աշխարում նույնիսկ բավականին հետամնաց երկրներում` աշխատավարձի հազիվ հիսուն տոկոսն է օգտագործվում՛՛ :
Սպառողների միության փորձագետները` պարբերաբար այցելում են արտադրամասեր ու ստուգումներ անցկացնում: Հակոբյանը նշեց, որ արդյունքում փակվել են մի քանի արտադրամասեր. ’’Սոս’’, ’’Կարինե-Նարինե’’,’’Չիլինգարյան և ընկերներ և այլն’’: