՛՛Դաշնամուրային ճակատամարտ՛՛ հաշտեցման գաղափարախոսությամբ
Երևանում Բրիտանական և Գերմանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով՝ հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 5-ը համատեղ խորհրդանշական միջոցառումներ են անցկացնում:
Այս ծրագրի շրջանակում հերթական միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ժամը 19։00-ին: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը երկու դեսպանատների հրավերով համերգով հանդես կգան «Դաշնամուրային ճակատամարտ» (Piano Battle) գերմանական խմբի կատարողներ Պաուլ Ցիբիսն ու Անդրեաս Քերնը:
Նրանք ներկայացնելու են յուրահատուկ համերգ-ներկայացում, որի ընթացքում նվագելով գերմանական ու բրիտանական դասական և ժամանակակից կատարումներ, ինչպես նաև այլ երաժշտական ստեղծագործություններ՝ երաժիշտները մրցելու են միմյանց հետ՝ խնդրելով հանդիսատեսին քվեարկել որևէ մեկի օգտին:
Այս կապակցությամբ ՄԹ դեսպան Քեթի Լիչն ասել է.
«Առաջին աշխարհամարտի հարյուրամյա տարելիցին այս տարի մենք ոչ միայն հիշատակում ենք պատերազմի ավերածությունները, այլ նաև նշում ենք Եվրոպական հաշտեցման բացառիկ նվաճումը: Որպես Բրիտանա-Գերմանական հարյուրամյա տարելիցի համատեղ միջոցառումների ծրագրի մաս, «Դաշնամուրային ճակատամարտ» համերգը առիթ է նշելու, թե մենք ինչպես ենք հաղթահարել պատմությունը և դարձել լավ ընկերներ: Այս բարեկամությունը նշանավորում ենք Երևանում համաշխարհային համերգային հիթով:»
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն ասել է հետևյալը․ Մենք երախտապարտ ենք, որ այսօր խաղաղության ու ազատության մեջ կարող ենք նշել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Երբեմնի թշնամիներն այսօր խաղաղ գոյակցում են Եվրամիության ներսում: Եվ այս Միությունը խիստ գրավիչ է այլոց համար: Մեր ձեռքբերումները նշելու համար Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները Ձեզ համար կազմակերպել են ժամանակակից դաշնամուրային այս համերգ-հրավառությունը: Մենք հուսով ենք, որ դուք կվայելեք այն: