Կարելի է մերկ ման գալ եւ շատ հայտնի դառնալ. Ժամանակ
Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից մի հատված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ:
-Դուք գործում եք շոու բիզնեսում, շատերը հենց այդտեղ են կրթության բացը նկատում: Դուք դա նկատո՞ւմ եք:
-Հայաստանի երգիչ-երգչուհիների մեջ կան դասախոսներ, պրոֆեսորներ, ժողովրդական երգիչներ:
–Բայց նրանք շատ քիչ են:
-Ընդհանրապես մեր երգիչները շատ քիչ են, եթե համեմատենք Ռուսաստանի կամ եվրոպական այլ երկրների հետ: Կրթություն չկա ընդհանրապես, ոչ թե կա վատ որակի: Խոսքը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին է:
Եթե նրանցից ամեն մեկը կարող է իր մասնագիտության մեջ հաջողել, բայց երբ գալիս են այս ասպարեզ, թվում է՝ պիտի հայտնի դառնան, ու հարցը լուծված է: Ոչ. երբ բեմում տեսնում եմ անկիրթ տղա, հարց է ծագում՝ որտեղի՞ց է գալիս այս ռաբիս, անորակ, անճաշակ, կիսաթուրքական երաժշտությունը: Գալիս է անկրթությունից։
Սա միայն ճաշակի հարց չէ, անկիրթ մարդու մոտ ճաշակ չի կարող ձևավորվել, չի լինում այդպես: Ես չեմ ճանաչում աշխարհահռչակ, ճաշակով ռեժիսորի, որը չունենա կրթություն: Այդ կրթությունը դիպլոմը կամ նրա գույնը չէ, նաև այն չէ, թե որքան գումար է վճարել վարձի համար: Հեռու չգնամ, մեր ինստիտուտում կան ուսանողներ, որոնք գալիս են իսկապես ինչ-որ բան տանելու, երբեմն հուսահատվում են, որ չեն տանում այնքան, որքան սպասում էին, բայց կան այնպիսիք, որոնք տանում են ավելին, քան մենք պատրաստ էինք նրանց տալ:
Սա նրանց աշխատելու և սովորելու ցանկությունն է: Ու երբ խոսում ենք շոու բիզնեսից, ապա այնտեղ անհատներ են, որոնք շարքում կան և անկիրթ, և շատ կիրթ, իրենց նյութը խորապես ուսումնասիրած մարդիկ: Այստեղ հարցն այն է, թե մենք ինչ ենք փնտրում:
–Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր դերասաններն այլևս այստեղ չեն ուզում մնալ և արտագաղթում են: ԱՄՆ-ում Արա Ղազարյանը մի գրառում էր արել, որ եթե նախկինում շատ դժվար էր հայ դերասան գտնել, ապա հիմա այնքան շատ են, որ ընտրությունն է բարդացել: Դուք նկատո՞ւմ եք այդ բացը և սա ինչո՞վ եք պայմանավորում, գուցե ուզում են մեծ բեմե՞ր նվաճել:
-Եթե ԱՄՆ-ի հայկական համայնքը համարում եք մեծ բեմ, ես միայն լայն կժպտամ: Այն որակը, որ ստեղծվում է այնտեղ, նաև Արա Ղազարյանի օգնությամբ, միշտ չէ, որ գեղագիտական ընկալում է պատճառում: Ես կարծում եմ՝ պետք է հետևողական գտնվել. չեն գնում միայն նրա համար, որ դաշտը փոքր է: Գնում են, որովհետև ուզում են ապրել ավելի հեշտ կյանքով, որը փայլուն ոսկու պես գրավում է շատերին:
Ոչ Ամերիկան է այն Ամերիկան, ոչ այնտեղի արվեստն է արվեստ, խոսքը այնտեղի հայ համայնքում եղածի մասին է: Կան հատուկենտ անձինք, որոնք կարողանում են պահել որակը և ճաշակը: Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանում գործող արտիստական խումբը, կապ չունի, ինչպես ենք նրանց անվանում, նրանք այն կորիզն են, որոնք, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհի հայությանը դեռևս թելադրում են ճաշակ:
Ամեն անգամ ճամփորդելով հայկական համայնքներով որպես հաղորդավար կամ որպես դերասան, կամ որպես հանդիսավար, հասկանում եմ, որ դեռ այստեղ կա այն կորիզը, որը կարող է դառնալ հիմք, դպրոց, և ոգևորող այն կորիզը, որը կտարածվի ողջ հայության մեջ ամբողջ աշխարհում: Իսկ Ամերիկայում, որևէ մեկին չեմ մեղադրում, բայց այնտեղի հայերի կողմից ստեղծված մշակույթը շատ է խանգարում հայի ազգային նկարագրին:
Դրսում գտնվող հայությունը որպես հանդիսատես շատ կարոտած է և շատ ջերմ, ու դա է պատճառը, որ այնտեղ ինչ ստեղծվում է, ընդունում են 100 տոկոսով, ջերմությամբ ու գրկաբաց: Այստեղ այդպես չէ, այստեղի հանդիսատեսը շատ խիստ է, պահանջկոտ և տեսած: Հենց այդ պահանջկոտությունն է, որ թույլ է տալիս քիչ թե շատ պահպանել որակական հատկանիշները:
Ես ուղղակի կոչ եմ անում դրսում ապրող բոլոր հայերին լինել պահանջկոտ: Ու եթե անգամ այստեղից արտիստը գնում է, թող պահանջեն որակով երաժշտություն, որակով ելույթ, կենդանի հնչողություն: Թող պահանջեն որակով բեմադրություններ, ոչ թե մեկ օրվա համար նախատեսված:
–Բայց դերասաններից շատերն անգամ իրենց մասնագիտությամբ չեն զբաղվում:
-Ցավոք սրտի՝ շատ շատերը: Կան մարդիկ, որոնք այստեղ չունեն որևէ մասնագիտություն, բայց գնում են Ամերիկա ու միանգամից դառնում հայտնի դերասան: Բայց ո՞րն է հայտնիության չափանիշը. կարելի է այսօր մերկ ման գալ և շատ հայտնի դառնալ, դա էլ է տարբերակ, կարող են փորձել բոլոր գնացողները:
Իմ ասածն այն է, որ հանդիսատեսի կարոտը չի կարելի շփոթել տվյալ արտիստի որակի հետ: Այդ կարոտն է, որ ամեն ինչ ընդունում է և սիրով է ընդունում: Այդ ջերմությունն այստեղի հանդիսատեսին է պակասում, բայց այստեղի հանդիսատեսի խստապահանջությունը, որակի ու պրոֆեսիոնալիզմի պահանջն էլ այնտեղ է պակասում: