Գերմանիայում ՛՛Հայկական մշակութային աշունն՛՛ ավարտվեց
Գեղանկարչուհի, քանդակագործ Մարետա Արմենայի շուրջ երեք տասնյակ ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումով Գերմանիայի Բոխում քաղաքում եզրափակվեց չորս ամիս տևողությամբ մշակութային միջոցառումների շարքը: „Խաղաղություն“ խորագիրը կրող ցուցահանդեսը գերմանացի հանդիսատեսին հասու կլինի մինչև նոյեմբերի 30-ը:
„Քրիստոսի“ եկեղեցին, որտեղ կախված են նկարները, պատահական չի ընտրվել: Քաղաքի Լինդեն թաղամասի այս եկեղեցու բակում 2007-ից դրված է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի „Խաղաղություն“ հուշարձանը:
Գեղանկարչուհին, որ 1993-ից ապրում է Բրեմեն քաղաքում և „Հայ ակադեմիականների միության“ ակտիվ անդամներից է, այս ցուցահանդեսին հատուկ է պատրաստվել, նկարել է նոր գործեր: Միջոցառման ավարտին, ելույթներից և գրական-երաժշտական մասերից հետո, Մարետան Արմենան ներկայացրել է նուռը կտրելու հայկական ավանդույթը, որ այն չվնասվի և բաժանել ներկաներին:
„Հայ ակադեմիականների միության“ նախագահ Ազատ Օրդուխանյանը, ամփոփելով „Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում, նախ կարևորեց գերմանացի հասարակության և մամուլի ակտիվ արձագանքները:
„Այսպիսի տևողությամբ ծրագիր առաջին անգամ էինք իրականացնում Գերմանիայում, որ չորս ամիս շարունակ մշակութային միջոցառումների շարք լինի, եղել են միայն մշակութային օրեր, շաբաթ կամ մշակութային ամիս: Եղան միջոցառումներ, որ տեղի խնդիր ունեինք, հանդիսատեսն էր չափազանց շատ, մոտ երեսունից ավելի հոդվածներ տպագրվեցին գերմանական թերթերում: Բոլոր միջոցառումներն արեցինք քաղաքի կարևոր մշակութային հաստատությունների հետ համատեղ: „Միջմշակութային շաբաթ 2014-ի“ շրջանակներում տեղի ունեցող շեքսպիրյան փառատոնի մաս կազմեցինք, իսկ սա ցույց է տալիս, որ մենք ինտեգրված ենք քաղաքի մշակութային կյանքին: Հոդվածների առատությունն էլ դրա վառ ապացույցն է“,- նշեց պարոն Օրդուխանյանը:
Վերջինս կարևորեց նաև մեկ այլ ձեռքբերում: Այն, որ շուտով որոշակի դպրոցների հետ բանակցությունները կսկսվեն հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդման առարկա դարձնելու ուղղությամբ:
Տեղի ունեցած այս միջոցառումների շարքն ունի իր շարունակությունը: Այն նախորդում է հայկական գարնանը: „Հայկական մշակութային աշունը“ ակադեմիականների միությունը նախաձեռնել էր մի քանի նպատակներով: Նախ, որ մշակութային, գաղափարական և ճանաչողական հիմք հանդիսանա 2015-ի հայկական գարունը կազմակերպելու համար, իսկ բուն նպատակը հայոց մշակույթը, արվեստը և պատմությունը գերմանական և տեղի հայ հասարակությանը ներկայացնելն էր:
“Շատերն ապրում են հայրենիքից հեռու և զուրկ են այս ամենով դաստիարակվելու հնարավորություններից,- շեշտում է Ա. Օրդուխանյանը,- կա նաև երրորդ աշխարհը` Գերմանիայում ապրող բազմամիլիոն այլ ազգերը` ռուսներ, հրեաներ, ասորիներ, դերսիմցիներ, թուրքեր, քրդեր և այլն: Միջոցառումների ավարտին նաև նրանց համար մեր գրքերն ենք վաճառել“:
Իսկ ցեղասպանության հարյուրամյակը միությունը պատրաստվում է դիմավորելու նոր տրամադրությամբ, այն ոգով, որ „հարյուր տարի անց մենք ապրում և ստեղծագործում ենք, երգում և պարում ենք, առաջ ենք գնում առանց տխրելու, պայքարի ոգով, ապագայի հստակ ծրագրերով“: Հայկական գարունը Գերմանիայում միջոցառումների մի մասն արդեն հստակեցվել է, որն էլի մի քանի ամիս կտևի:
Գայանե Առաքելյան