՛՛Ինքնասպանությունը տենց չի լինում՛՛. Հեռախոսի գողության համար ստորացված զինվորի հայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Շմավոն Կուրեխյանի և մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավճռով հաստատված է գնահատվել, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող «Սամսունգ» հեռախոսը թաքցրել է օրապահի կողապահարանի մոտ գտնվող փաստաթղթատախտակի տակ:
Տողանի ավարտից հետո նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հեռախոսը:
Երբ Պարույր Մկրտչյանը պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են, ու հայհոյել է գողացողի հասցեին: Նա օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին է հարցրել: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունի:
Հեռախոսի կորչելու մասին իմացել է շարքային Շմավոն Կուրեխյանը:
Նա Պարույրից ճշտել է, թե ովքեր են եղել օրապահները, և ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:
Շմավոնն ու Պարույրը իրենց կասկածները հայտնել են Վանիչկային:
Զինվորը հերքել է իր կողմից երբևէ հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը:
Հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:
Ժամը 17-ի սահմաններում, ըստ դատավճռի, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը պահասենյակի բանալին տվել է շարքային Վաղինակ Սումբաթյանին՝ այնտեղից զենք մաքրելու շոր վերցնելու համար:
Երբ Սումբաթյանը բացել է պահասենյակի դուռը, Կուրեխյանը ներս է մտել, Սումբաթյանից պահանջել դուռը չփակել ու հեռանալ՝ հայտնելով, թե պահասենյակ է գալու Վանիչկա Հովակիմյանը:
Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյանքներ հնչեցնելով պարտադրել են համազգեստը հանել:
Շմավոնի կանչով եկած շարքային Սիս Գևորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը:
Ուսապարկում գտել են մեկ զույգ ականջակալ ու հեռախոսի մարտկոց: Վանիչկան ասել է,թե դրանք իրենն են, բայց Շմավոնը չի հավատացել, Արմեն Սարգսյանի միջոցով ուղարկել է, որ համածառայողները տեսնեն, միգուցե մեկնումեկը ճանաչի:
Բայց զինվորներից ոչ ոք չի արձագանքել:
Շմավոնը անձամբ է սկսել զինվորներին հարցուփորձ անել ականջակալների ու մարտկոցի վերաբերյալ, դարձյալ ոչ ոք տեր չի կանգնել:
Պարույրը, իմանալով, որ Վանիչկան սեր ունի զենքերը դասավորելու հետ, ենթադրել է, թե նա հեռախոսը պահած կլինի զինանոցում: Գնացել է զինանոց, փնտրել է հեռախոսը:
Վաշտի հրամանատար Արման Մուրադյանը հետաքրքրվել է, թե Պարույրն ի՞նչ է անում զինանոցում: Վերջինս պատասխանել է, թե հեռախոսը գողացել են, կասկածում է Վանիչկային, կարծում է, թե հեռախոսը կարող է թաքցված լինել զինանոցում:
Արման Մուրադյանը պահանջել է, որ Պարույրը հեռանա զինանոցից:
Տասը րոպե անց հերթով հրամանատար Մուրադյանի մոտ են մտել շարքայիններ Արայիկ Մկրտչյանը, Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը, ասել են, թե Վանիչկային են կասկածում հեռախոս գողանալու համար:
Պարույր Մկրտչյանը հայտարարել է. ՛՛Էսօր վաշտից տռուպ ա լինելու՛՛:
Արման Մուրադյանի հետ խոսելուց հետո Շմավոն Կուրեխյանը, ըստ դատավճռի, Վանիչկային նորից կանչել է պահասենյակ: Պարույր Մկրտչյանի հետ միասին, Դավիթ Ղահրամանյանի, Արմեն Սարգսյանի, Գրիգոր Բաբախանյանի, պահասենյակ մուտքուելք արած այլ զինվորների ներկայությամբ շարունակել է մեղադրել Վանիչկա Հովակիմյանին հեռախոսի գողության համար: Հայհոյանքների, սպառնալիքների ու հալածանքների զուգորդմամբ պահանջել են, որ Վանիչկան վերադարձնի հեռախոսը:
Պարույրը հայտարարել է, թե հեռախոսն իր հարազատի նվերն է, ոչ ոք իրավունք չունի իրեն զրկել հարազատների հետ հաղորդակցվելուց:
Նա Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ բռնություն է գործադրել՝ օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել է անբարենպաստ հետևանքներով, պահանջել է, որ հեռախոսը վերադարձվի մինչև ժամը 19-ը: Իսկ չվերադարձնելու դեպքում սպառնացել է հետագա ծառայության ընթացքում փոխել Հովակիմյանի կարգավիճակը անձնակազմի շրջապատում, հայտարարել է, թե ՛՛փչացնելու է՛՛ նրան:
Շմավոն Կուրեխյանն իր հերթին սպառնացել է Հովակիմյանին, իր զենքը տվել է, որ նա մաքրի՝ հայտարարելով, որ եթե մաս կորչի, նրան է կասկածելու:
Վանիչկա Հովակիմյանը շարունակել է հերքել, թե երբևէ հեռախոս է գողացել, երդվել է, խնդրել է հավատալ, բայց Պարույրն ու Շմավոնը պնդել են, թե հենց նա է գողացել:
Շմավոնը գողացված հեռախոսի համար Վանիչկայից պահանջել է 30 հազար դրամ, պահանջել է, որ նա զանգի ծնողներին, նրանցից գումար ուզի:
Վանիչկան հրաժարվել է: Շմավոնը պահանջել է, որ Վանիչկան 30 հազար դրամը բերի մինչև դեկտեմբերի 15-ը, սպառնացել է, թե հակառակ դեպքում զորքի դիմաց ՛՛փչացնելու է՛՛ նրան:
Նարեկ Միտոյանը, ըստ դատավճռի, լինելով օրվա վերակարգում՝ որպես վաշտի հերթապահ, պահասենյակում ականատես լինելով Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ Պարույրի ու Շմավոնի ծաղրուծանակին, անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Ժամը 18-ին Վանիչկա Հովակիմյանը Պարույրի ու Շմավոնի գործողությունների հետևանքով գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, մոտեցել է օրապահ, շարքային Լևոն Հովսեփյանին, խնդրել է նրա բջջային հեռախոսը, ապա դուրս է եկել զորանոցից, զանգել է հորը և ասել է. ՛՛Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես՛՛:
Հետո անմիջապես վերադարձրել է հեռախոսը, մտել է զորանոց, խնդրել է, որ շարքային Համբարձում Մարտիրոսյանը իր հետևից փակի զորանոցի դուռը: Վերջինս դրսից փակել է դուռը:
Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է գրառում.՛՛Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ՛՛:
Ապա Շմավոն Կուրեխյանի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել իր կզակային շրջանին ու ինքնասպան է եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: