Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապե՞տ
՛՛Պետական պաշտոն զբաղեցնելը ցանկության խնդիր չէ: Դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է, և ում նշանակեն, պետք է աշխատի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաանելով լուրերը, թե նշանակվելու է փոխվարչապետ: Վերջինս նաև հավելեց, որ իրեն դեռ այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկներ չեն արել, և առաջարկը ստանալուց հետո կարող է խոսել այդ թեմայով:
Ֆինանսների նախարարը նաև անդրադարձ կատարեց ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքին և ասաց, որ դժգոհությունները, որոնք այսօր կան, կշարունակվեն, քանի որ դրա հետևում ինչ-որ անձինք են կանգնած:
Հարցին, թե ովքե՞ր են կանգնած այդ դժգոհության հետևում, Խաչատրյանը չցանկացավ մասնավորեցնել, ասաց թե լրագրղոները իրենից լավ գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ:
՛՛Դժգոհողները միշտ կլինեն, որովհետև երբ բիզնեսի ներկայացուցիչները տարիներ շարունակ սովորել են մի խաղի կանոնի, և երբ դու փոխում ես այդ խաղի կանոնը, իհարկե, դժգոհողներ էլ կլինեն: Դժգոհողները շատ ազնիվ են, նրանք ասում են, թե առանց թղթավորումների իրենց շատ լավ են զգում, կառավարությունն էլ է շատ ազնիվ, ասում է` կա խնդիր և այն պետք է լուծվի: Շրջանառության հարկի գլխավոր գործառույթն այն է, որ մեր երկրում, իրոք, ձևավորվի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, որը մեծ ներուժ ունի: Այն շահարկումները, թե պետությունը խոշոր գործարարներին հնարավորություն չունի բերելու հարկային դաշտ, իրականության հետ ոչ մի կապ չունեն, մենք երկրում հաստատում ենք խաղի միասնական կանոն, իսկ այդ ամենի ապահովումը փաստաթղթավորումն է՛՛,- եզրափակեց նա: