Կառավարությունը ժողովրդավարական համակարգին հարիր էություն և վարքագիծ է որդեգրել. Հ. Նաղդալյան
Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ կառավարությանը մեղադրելով՝ հանրության ճնշման արդյունքում՝ սեփական որոշումներից հետ կանգնելու, հետևաբար և անսկզբունքայնության մեջ:
Հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շուրջ:
-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Մանուկյանի հնչեցրած մեղադրանքներն ուղղված կառավարությանը, մասնավորապես, ,,հասարակության ճնշման տակ ընդամենը մեկ շաբաթում ռեֆորմներից հետ կանգնելու,, հատվածը: Հիմնավորվա՞ծ է արդյոք նման եզրահանգումը, թե պարզապես մերկապարանոց հանդիմանություն է.
-Կարծում եմ, այդպես մտածողները և այդ թեզը տարածողները առաջին հերթին իրենց ոչ ժողովրդավար էությունն են ցույց տալիս, երբ հանրության կարծիքներին ականջալուր լինելու կառավարության պատրաստակամությունը որակում են որպես նահանջ՝ պարտադրանքի կամ ճնշման ներքո: Այդ թեզը տարածվում է որոշ լրատվամիջոցների, քաղաքական և հանրային գործիչների կողմից և անմիջապես մատնում է վերջիններիս բուն էությունը, մտածողությունը և հնարավոր վարքագիծը՝ երբևիցե իշխանություն դառնալու, կամ նախկինում՝ իշխանություն եղած ժամանակ:
Կարծում եմ, սա յուրատեսակ թեստ է, որին շատ գործիչներ չեն դիմանում: Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա ուզում եմ ընդգծել , որ տարիներ շարունակ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը, կատարված բարեփոխումների գաղափարը և նպատակը հենց սա է եղել՝ ժողովրդավարական այս միջավայրը, որտեղ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, կազմակերպությունները , քաղաքացին վստահ կլինեն, որ հնարավորություն ունեն յուրաքանչյուր հարցի շուրջ իրենց ձայնը հնչեցնելու , իրենց կարծիքը արտահայտելու և լսելի լինելու: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները , զանգվածային լրատվության միջոցները, ազատ մամուլը, ժողովրդավարական համակարգի այլ միջոցները ՝ այս բոլորը մենք կայացրել և զարգացրել ենք , և առավելապես էական է , որ կառավարությունը ևս այդ ժողովրդավարական համակարգին հարիր էություն և վարքագիծ է որդեգրել, պատրաստակամ և ունակ է, կարևորում ու նախաձեռնում է հանրության հետ բանավեճ , համատեղ քննարկում , հատկապես խնդրահարույց , զգայուն ոլորտների և որոշումների վերաբերյալ : Ոչ թե ,,տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում,, սկզբունքով , որը ինչ-որ ժամանակ գերակա էր: Սա այս կառավարության, հատկապես վարչապետ Հ. Աբրահամյանի ուժեղ կողմն է, մշտական կեցվածքը , գործելակերպը՝ խոսել մարդկանց հետ և լսել նրանց : Չեմ զարմանում, որ կան մարդիկ, ովքեր այդ գործելակերպը չեն կիսում, չեն գնահատում, ոչ էլ ընդունակ են այդպես վարվելու: Բայց դա իրենց խնդիրն է, միայն կարևոր է, որ հանրությունը ճանաչի նրանց: