29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի հետ․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։

Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը նորանոր պատերազմներ կարող է հարուցել։ Որևէ մեկի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար պարտադիր է, որ հաստատողը, պետության անունից խաղաղություն կնքողը լինի արժանապատիվ։ Դա նվազագույն պայմանն է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, սակայն, ունեն և կարող են ունենալ ամեն ինչ, բացի արժանապատվությունից, և խնդիրը միայն պատերազմում կրած խայտառակ պարտությունը չէ։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բոլոր հնարավոր միջոցներով նվաստացել ու խոնարհվել է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ։ Նվաստացում է նաև խաղաղության մասին նրա բարբաջանքն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալ Հայաստանին ու հայկական էթնոսին։ Ահա, ուրեմն, ի պատասխան այդ սպառնալիքների՝ Հայաստանից հնչում են խաղաղության մասին թոթովանքներ, որոնք իրականում ոչ թե խաղաղության, այլ ստրկության պատրաստակամության մասին են։

Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև չեն սպիանալու չափազանց երկար ժամանակ, եթե կարող են սպիանալ երբևէ։ Գոնե հարաբերականորեն այդ վերքերի ամոքման միակ ճանապարհն իրապես ուժեղ պետության կայացումն է, որը, չձգտելով պատերազմի, այդուհանդերձ, հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նաև պատերազմի, եթե հակառակն ազգային ու պետական արժանապատվության ոտնահարումն է։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջարկում է ոչ թե այդ հզոր պետության կայացման հայեցակարգը, այլ հայկական պետության զարգացման թուրք-ադրբեջանական մոդելը, որի պայմաններում այդ երկրները հարկ եղած դեպքում կլինեն ոչ թե Հայաստանի հնարավոր հակառակորդներ, եթե դա պահանջի մեր ազգային ու պետական շահը, այլ «նորովի կառուցված Հայաստանի» շահառուներ։

Սա սկզբունքային տարբերություն է․ մի դեպքում՝ պետությունը զարգանում ու կայանում է հանուն սեփական արժանապատվության՝ նաև պատերազմի պատրաստ լինելու կանխավարկածով, Նիկոլ Փաշինյանի հայեցակարգով՝ Հայաստանը զարգանում է նրանց հաշվին ու միջոցով, ովքեր այդ նույն արժանապատվության առաջին ոտնահարողներն են։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղասիրության» ցանկացած ընդդիմախոսություն, քաղաքական մանր շահերից ելնելով՝ որակվում է՝ որպես ռազմատենչություն կամ պատերազմի քարոզ։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության այլընտրանքը ոչ թե պատերազմն է, ինչպես ներկայացվում է իշխանությունների պարզունակ քարզչությամբ, այլ իրապես արժանապատիվ խաղաղությունը, որը գործնականում հնարավոր չէ արդեն իսկ նվաստացուցիչ խաղաղության պատրաստամակություն հայտնած իշխանության պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով՝ այդ թվում՝ պատրաստ լինելով ոտնահարել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից՝ խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ճանապարհ, որով այժմ շարժվում է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմի ու խաղաղության մասին դիսկուրսը Հայաստանում հեռու է բանական հարթությունից։ Մի կողմում փաշինյանական կույր խաղաղությունն է, մյուս կողմում՝ թուրքական դրոշներն այրելու խավարամտությունը, որը նույնքան պարզունակ է ու վտանգավոր, որքան իշխանության մոտեցումը։

Այդ պատճառով, որպես այդպիսին, խաղաղության  ու պատերազմի մասին բովանդակային դիսկուրսը Հայաստանում բացակայում է, և այն, ինչին  խիստ պայմանականորեն անվանում ենք դիսկուրս, բաղկացած է մի կողմից՝ իշխանական թրքասիրությունից, մյուս կողմից՝ հակաիշխանական թրքատյացությունից․ երկու ծայրահեղություններ, որոնցից ոչ մեկն աղերս չունի Հայաստանի պետական շահի ու ապագայի հետ։  Լայն իմաստով, հիմա այդ դիսկուրսի համար ամենալավ ժամանակները չեն, քանի որ պատերազմի արհավիրքի առաջացրած բարոյական, արժեբանական, սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարված չեն, և դժվար է ասել՝ պատրա՞ստ է արդյոք հասարակությունը պատերազմի և խաղաղության/պատերազմի կամ խաղաղության մասին քնննարկման։

1997 թվականին արցախյան պատերազմում հաղթանակած Հայաստանի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձեց հանրային դիսկուրս ծավալել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ։ Հաշված ամիսների ընթացքում նրան հեռացրեցին իշխանությունից, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի առաջարկածը ոչ թե նվաստացուցիչ ու ստորացուցիչ խաղաղություն էր, ինչը տեղին է Նիկոլ Փաշինյանի մոտեցման դեպքում, այլ իրապես արժանապատիվ խաղաղություն, որի պայմանները թելադրելու էր պատերազմում հաղթանակած Հայաստանը։

Ահա անգամ խաղաղության այդ տարբերակը հայ հանրությունը չընդունեց՝ հաղթանակած լինելով պատերազմում, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ դրա համար անրաժեշտ գաղափարական, հոգեբանական, քարոզչական աշխատանք չէր կատարվել։ Հաղթանակած երկրի հաղթանակած առաջնորդը, ներկայիս ղեկավարի հետ անհամադրելի քաղաքական ու պետական գործիչը չկարողացավ հանրությանը հասցնել արժանապատիվ խաղաղության անհրաժեշտությունը, մինչդեռ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի թարմ վերքերի պայմաններում, ցանկանում է խաղաղություն պարտադրել հայ հասարակությանը։

Այդպես չի լինում։ Եթե վերաձևակերպենք 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածի վերնագիրը, ապա այն կարելի է շարադրել հետևյալ կերպ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ հեռանալու պահը»։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ