Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, մեզ էլ է մտահոգում. Աշոտ Ղուլյան
ԼՂՀ-ն շատ բարձր է գնահատում ՀՀ Ազգային ժողովի գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ”Այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, իհարկե, որոշակի առումով մեզ էլ է մտահոգում, բայց չեմ կարծում, որ դա մշտական քաղաքական դիրքորոշում է”,-նկատեց նա:
Ըստ Ա. Ղուլյանի` Ադրբեջանը միջազգային կառույցներում մշտապես խեղաթյուրում է իրավիճակը, ստեր է հորինում ու ներկայացնում` կապված Ղարաբաղի հիմնախնդրի հետ, և նման կերպ ստանում է այնպիսի որոշումներ ու բանաձևեր, որոնք հաճելի են իրեն: ”Ես սա ժամանակային հարց եմ համարում: Օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների բերումով որոշակի առավելություն է տրվել Ադրբեջանին, բայց մենք քննարկել ենք այս իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը, թե ինչ կարող ենք մենք ինքներս անել` որպես ԼՂՀ ԱԺ և եկել ենք այն եզրահանգման, որ իրավիճակը մտահոգիչ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ ավարտվել է դրանով”,-ասաց նա:
Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ ԼՂՀ-ն ադրբեջանական խավիարային դիվանագիտությանն ու նավթադոլարներին համարժեք հիմնական միջոց կառաջարկի: ԼՂՀ ԱԺ նախագահը հայտարարեց` իրավիճակն անպայման փոխվելու է: ”Ադրբեջանական խավիարային դիվանագիտությանն ու նավթադոլարները, կարծես թե, եվրոպական հարթակներում ավելի ընդունելի են դարձել: Բաց կա նաև որոշակի աշխատանքի տեղ, որ մենք անպայան պետք է դրա փոխարեն անցկացնեինք: Ես չէի ցանկանա այդ գործոններին համարժեք բան ասել, ամեն դեպքում կասեմ, որ մեզ համար շարունակվում է հիմնական միջոց մնալ պատմական արդարությունը, ինչ-որ 88-90-ականներին որպես պատմական, իրավական փաստարկներ ներկայացրել ենք` ի օգուտ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի”,-եզրափակեց Աշոտ Ղուլյանը: