Ղարաբաղի միջազգային ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է. ԼՂՀ ԱԺ նախագահը` ”Ժառանգության” առաջարկից
”Ղարաբաղում ոչ մեկ չի կարող ասել, որ մենք դեմ ենք Ղարաբաղի ճանաչմանը, այլ հարց է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում և ինչով է ավարտվում”,-այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանի հետ համատեղ ասուլիսին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ”Ժառանգության” կուսակցության հայտարարություններին ու նախագծերին, թե Հայաստանը պետք է նախևառաջ ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
”Տեսակետ կա, որ դա կարող է լինել ՀՀ-ի կողմից, տեսակետ կա, որ պետք է լինի օտար երկրների կողմից և վերջում միայն ՀՀ-ի կողմից: Մեզ համար միանշանակ է, որ Ղարաբաղի միջազագային ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է և արդեն ունենք որոշակի հաջողություններ, ինչը պետք է շարունակվի”,-նկատեց նա: Լրագրողների դիտարկմանը, թե ”Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նման առաջարկությունն է անում, քանի որ ՀՀ-ը պետք է անդամացի ԵՏՄ-ին, ԼՂՀ ԱԺ նախագահն արձագանքեց. ”Մտահոգությունները շատ են և միշտ էլ եղել են, բայց կարծում ենք, որ մենք արդեն ունենք այն վիճակը, որ ՀՀ-ը հայտ է ներկայացրել` միանալու ԵՏՄ-ին, և դրանից առայժմ ոչ մի բան չի փոխվել, և, կարծում եմ, չի փոխվի”:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման հարցին` ասաց, որ այս պահի համար ”Ժառանգության” այդ քայլը պրովոկացիա է, քաղաքական կապրիզի հետևանք: ”Որովհետև ամբողջ հայ ժողովուրդը երկու տասնամյակից ավելի պայքրում է այդ ուղղությամբ: Մարդիկ պետք է հասկանան, որ նեղ կուսակցական շահերը չի կարելի համադրել այն մոտեցումներին, որ ունենք Ղարաբաղը և Հայաստանը”,-եզրափակեց ԱԺ նախագահը: