Թրաֆիքինգի գործով դատապարտվել է 28 մարդ
Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրների շարքում: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: “Դա կապված է ոչ թե երեւույթի տարածվածության, այլ հարցի խիստ կարեւորության հետ”,- ասաց նա:
Ըստ Տիգրան Պետրոսյանի, թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցներում վերջին տարիներին Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում ունեցած հաջողություններով առաջատար երկրների ցանկում է:
“Եվ պետք է ընդգծեմ, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որը տեղ է գտնում այդ ցանկում”,- ասաց Պետրոսյանը:
2013 թ. եւ 2014 թ. ինն ամիսներին հարուցված 18 քրեական գործերով հանցագործության 22 դեպք է բացահայտվել, որոնցից 10-ը կատարվել են կազմակերպված հանցախմբերի կողմից: Հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել թրաֆիքինգի 28 զոհ, որոնցից 13-ը՝ անչափահաս:
Պոռնկության շահագործման փաստով հարուցված 12 քրեական գործերից չորսով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երկուսով՝ Թուրքիայում, վեցով՝ Հայաստանում:
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի, միջազգային հետախուզման մեջ է գտնվում 16 անձ:
Միաժամանակ՝ հարակից հանցատեսակներից բացահայտվել են երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, երեխայի վաճառքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 62 դեպք:
Վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է: