25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՏՄ-ին միանալը՝ ԱԱՀ գանձումից հրաժարվելու առաջին քայլը

Դեռեւս գործունեության մեկնարկին կառավարությունը մտադրություն հայտնեց ավելացված արժեքի հարկի գանձումը աստիճանաբար սահմանից տեղափոխել ընդհանուր հարկային դաշտ։ Արդեն հաջորդ տարվանից նոր տնտեսական տարածքում գործելը, ըստ էության, կդառնա այդ գործընթացի առաջին քայլը, ինչը լուրջ աջակցություն է ենթադրում գործարարների համար։

ԵՏՄ կազմում անդամ երկրներից ապրանքների ներմուծման համար սահմանի վրա այլեւս ԱԱՀ չի գանձվի։ Այն կտեղափոխվի ընդհանուր հարկային դաշտ։ Դրանով տնտեսավարողները կազատվեն լրացուցիչ շրջանառու միջոցներ հայթայթելու եւ սահմանի վրա ԱԱՀ վճարելու պարտավորությունից։ Մյուս կողմից՝ այն հնարավորություն կտա տնտեսված միջոցներն ուղղել տնտեսական գործունեության ընդլայնմանը։

Ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարները սահմանին գանձելու պրակտիկան Հայաստանում ներդրվել է 1998թ.։ Թեեւ այդ մեխանիզմը կիրառվում է տարբեր երկրներում, այնուհանդերձ լավ օրից չէ, երբ ԱԱՀ-ն գանձվում է սահմանին։ Դա պայմանավորված է գերազանցապես պետական բյուջեի եկամուտների հավաքագրման հետ կապված բարդություններով։ Վարչարարության տեսակետից շատ ավելի հեշտ է ներմուծված ապրանքների ԱԱՀ-ն գանձել սահմանին, քան դրանց իրացումից հետո։

Չնայած բյուջետային միջոցների հավաքագրման առումով այն ունենում է դրական նշանակություն, այնուհանդերձ մյուս կողմից էապես հարվածում է բիզնես միջավայրին։ Հետագայում գոյացող պարտավորությունների կատարումը սահմանին տեղափոխելը ֆինանսական միջոցների սղություն է առաջացնում տնտեսավարողների մոտ։ Երբեմն նրանք ստիպված են լինում նույնիսկ վարկեր վերցնել՝ ներմուծման ժամանակ ԱԱՀ գծով առաջացող պարտավորությունները կատարելու համար։ Դա անշուշտ ազդում է նաեւ ապրանքների գնագոյացման վրա։

Այս խնդիրը Հայաստանում առկա է արդեն շուրջ 15 տարի։ Այդ ընթացքում բազմիցս բարձրացվել է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումից հրաժարվելու հարցը։ Սակայն հասկանալի պատճառներով խնդիրը լուծում չի ստացել։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ այն էական ռիսկեր է պարունակում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման առումով։ Հարկավոր են հստակ մեքանիզմներ, որպեսզի պետբյուջե վճարան ենթակա գումարները չկորեն ներքին տնտեսության մեջ։ Իրացումից ԱԱՀ գանձման դեպքում դրա հավանականությունն ավել մեծ է, թեեւ այնպես չէ, որ վերհսկողությունն անհնարին է։ Առավել եւս, որ դրոշմավորվող ապրանքների ցանկը Հայաստանում գնալով ընդլայնվում է, ինչը ստվերի համար անհամեմատ ավելի քիչ սողանցքներ է թողնում։

Խնդիրը սակայն միայն վարչարարությունը չէ։ Սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացումը սկզբնական շրջանում ֆինանսական ճեղքված է առաջացնում պետական բյուջեի եկամուտներում։ Առավել եւս, որ այդ հարկատեսակից պետական ֆինանսական միջոցների կախվածությունը բավական մեծ է։ Պետական բյուջեի ներքին եկամուտների գրեթե 40 տոկոսը, երբեմն ավելի շատ, ստացվում է ավելացված արժեքի հարկից։ Իհարկե, դրա մի մասը գանձվում է ներքին տնտեսությունից, սակայն քիչ չէ նաեւ ներմուծումից կատարվող գանձումը։

Ուստի ԱԱՀ միանգամից տեղափոխումը կարող է  բյուջետային որոշակի ռիսկեր առաջացնել։ Բայց այն ունի նաեւ կարեւոր տնտեսական նշանակություն, ինչը հիմք է տալիս աստիճանաբար հրաժարվել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձման արատավոր պրակտիկայից։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ