27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա․ Փաստ

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու երեք տարին։ Եվ կրկին անհրաժեշտ է լինելու քննել, թե ի՞նչ ունեինք իշխանափոխությունից առաջ և ի՞նչ ունենք Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում։ Ճիշտ է՝ միշտ էլ երկրում առկա իրավիճակից դժգոհություններ եղել են, բայց երբեք մեր պետականությունն այսքան թուլացած ու անկայուն իրավիճակում չի եղել։

2020 թվականին Հայաստանն ունեցել է տարածաշրջանում ամենամեծ տնտեսական անկումը, և մեր տնտեսությունը շարունակում է գահավիժել, բազմաթիվ բիզնեսներ փակվում են կամ դադարեցնում են իրենց աշխատանքը, ավելանում է գործազուրկների թիվը։

Հետպատերազմյան շրջանում հայկական արժույթը՝ դրամը, բավական կտրուկ արժեզրկվեց, սակայն կառավարությունը չի կարողանում անհրաժեշտ գործիքներ կիրառել ազգային արժույթն արժևորելու համար։ Եվ քանի որ Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, սրա արդյունքում բարձրանում են ներմուծված ապրանքների գները։

Իսկ համատարած թանկացումների ողջ ազդեցությունը կրում են հասարակ սպառողներն այն պարագայում, երբ մարդկանց եկամուտներն ավելանալու փոխարեն նվազել են։ Ուստի պատահական չէ, որ արտագաղթը նոր ուժգնությամբ է բախում մարդկանց դռները։ Աճող սոցիալ-տնտեսական դժվարություններին գումարվում է համընդհանուր հուսահատությունը, որը քաղաքացիներին ստիպում է կորցնել հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ, հայտնվել անելանելիության վիճակում։

Իսկ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության՝ իրենց հողին ամուր մնալը կարևորագույն խնդիր է դարձել, քանի որ այդտեղ ապրող մարդիկ ընկճված վիճակում են և ադրբեջանական կրկնվող սադրանքների արդյունքում կարող են վճռել հեռանալ իրենց բնակավայրերից։ Ինչ վերաբերում է պետական համակարգին, ապա այն ուղղակի կազմաքանդված վիճակում է, ամենաթողությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Պետական ինստիտուտները չեն կարողանում իրավիճակին համահունչ արձագանքել առկա խնդիրներին։

Ու ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա։ Անելիքների մասով նույնպես անորոշ իրավիճակ է։ Չկա հստակ ռազմավարություն կամ ծրագիր, թե ինչ ձեռնարկումների ու քայլերի արդյունքում կարող ենք դուրս գալ այս ծանր իրադրությունից։

Մյուս կողմից էլ՝ քաղաքական դաշտում շարունակվում է բևեռացումը և հանրության երկփեղկվածությունը։ Դրան զուգահեռ՝ օրեցօր մեծանում է իշխանություններից դժգոհ քաղաքացիների քանակը, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը։ Հենց այսպիսի իրավիճակում էլ Փաշինյանի կողմից կրկին հրապարակ է նետվում արտահերթ ընտրությունների անցկացման թեման։ Բայց արդյո՞ք նման իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը ելք է։

Խնդիրն այն է, որ մոտակա շրջանում արտահերթ ընտրությունների կայացումը կարող է նոր առճակատումների և թշնամանքի գեներացման առիթ ստեղծել, քանի որ ներքաղաքական հակադրությունը ավելի է խորանում, և բացառված չեն նաև հակադիր խմբերի միջև բախումները։ Իսկ ինչքան ներքաղաքական հակադրությունը խորանա, այնքան երկիրը թուլանալու է, պետության հիմնական շարժիչ ուժը առկա մարտահրավերներին արձագանքելու փոխարեն դառնալու է պարզ աթոռակռիվը։

Մյուս կողմից՝ այս իշխանությունների կողմից անցկացված որևէ ընտրություն պարզապես չի կարող արդար ու ժողովրդավարական լինել: Այն, որ այս իշխանությունները, չունենալով հեղինակություն ու հանրային աջակցություն, խայտառակ կերպով կիրառելու են վարչական ռեսուրս ու կեղծելու են ընտրությունները, գրեթե ոչ ոք չի կասկածում: Նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար: Դրա վառ վկայությունն էր մարտի 1-ի հանրահավաքը:

Արտահերթ ընտրություններ անպատճառ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ու իրավիճակի արմատական փոփոխությունները, սակայն միայն իրավիճակի կայունացումից հետո, իսկ «քայլողների» իշխանության պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է, քանի որ նրանց իշխանությունը բովանդակային առումով ամփոփված է հասարակության՝ սևերի ու սպիտակների բաժանման տրամաբանության մեջ։

Ներքաղաքական կայունություն կարող է հաստատվել միայն ժամանակավոր կառավարության կազմավորման արդյունքում, երբ հնարավոր կլինի դրա մեջ ընդգրկել հասարակության տարբեր հատվածների շահերը ներկայացնող ներկայացուցիչներին, և միայն որոշ ժամանակ անց ընտրություններ կազմակերպել։ Միգուցե արտահերթ ընտրությունների թեման Փաշինյանը դաշտ է նետում ժամանակ շահելու նպատակով, ինչպես արեց առաջին անգամ։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մի իրողություն նա պետք է հաշվի առնի, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ