22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Օղբա՜թ ա էս աղջիկը, հիմա մենք քո մասին մտածե՞նք, թե երկրի»

Վազգեն Սարգսյանի հետ գործի բերումով առընչվեցի, երբ Սյունիքում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նշանակվեց պետական նախարար։ Տեսեք, թե ինչքան կարևոր էր Սյունիքը այդ ժամանակվա իշխանության համար, որ Սյունիքում Վազգենի նման ժայռ  «մեխեցին»։ Կանչեց լրագրողներին ու ասաց՝ առանց իմ թույլտվության ռազմական ոչ մի տեղեկատվություն։ Գորիս քաղաքի պատասխանատու նշանակեց ինձ։

Այդ ժամանակ համարյա ամեն օր գնդակոծվում էր Գորիս քաղաքը։ Թուրքը դեռ նստած էր Լաչինում, Կուբաթլիում, Զանգելանում։ Ժողովուրդը հիմնական տեղեկատվությունը ռադիոյից էր ստանում։ Նույն կապից օգտվում էր նաև թուրքը։ Ադրբեջանցին լավ էլ տեղը գտել էր, անընդհատ կենտրոնին էր խփում։ Մի օր էլ երբ քաղաքի կենտրոնին խփեց, ռադիոյի շենքը նույնպես վնասվեց, զոհեր եղան, Վազգենը կանչեց ինձ և ասաց՝ հիմա մեր ռադիոն պիտի օգտագործենք թուրքի համար»։ Թուրքը լսում էր մեր ռադիոն։

Ռադիոյով հաղորդեցի, Վազգենի ցուցումով, որ արկերն ընկել են քաղաքի ծայրամասերի վրա, վնասներ ու զոհեր չկան։ Չնայած երբ դուրս էի գալիս մարդամեջ, մարդիկ հետևիցս, չէին հասկանում, չանչ էին անում ու ասում՝ բոյդ թաղեմ, քաղաքի կենտրոնն ավերեցին, էսինչի գլուխը ձեր ռադիոյի շենքի մոտ կտրվեց, դու ասում ես՝ վնաս ու զոհ չկա՞․․․ Նման բաները վատ էի տանում, ու հիշում եմ, մի անգամ մտա Վազգենի մոտ ու ասացի՝ ախր էլ ամոթ, աբուռ չմնաց, որտեղով գնում, մարդիկ հայհոյում են ինձ։ Վազգենը լսեց ու բարձր, զրնգուն ձայնով ծիծաղեց։ Մինչև հիմա նրա ծիծաղը ականջներումս է, մի այլ կարգի էր ծիծաղում, ոնց որ լեռնցի լիներ։ Ծիծաղի միջից խեղդվելով ասաց․

-Օղբա՜թ էս աղջիկը, հիմա մենք քո մասին մտածե՞նք, թե երկրի․․․
Այնպես նշանակետին խփեց, որ սուսուփուս, էլ ծպտուն չհանեցի, դուրս եկա։ Դռների արանքում էի, երբ ձայն տվեց՝ էդ ու՞ր․․․ Շրջվեցի ու պարտված ժպիտով ասացի՝ գնամ ասեմ, որ արկերը ընկել են քաղաքի կենտրոնի վրա։ Ծիծաղեց՝ իրար հասկացանք։

Թուրքերը փոխեցին իրենց նշանակետը և քաղաքի կենտրոնը «շունչ քաշեց»։ Երբ արդեն արվարձանների վրա էին խփում ու հաղորդում էի, որ արկերն ընկել են քաղաքի կենտրոնի վրա, մարդիկ հասկանում էին ու ինձ տեսնելուց ժպտում, մի քաղցր բան հյուրասիրում։ Վատ տարիներ էին, քաղցր բան հյուրասիրելը սովորական բան չէր։ 

Հասմիկ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ