Գնումների ոլորտը՝ ոչ թափանցիկ
այաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ պետական գնումների առումով, լրջագույն խնդիրներ կառաջացնի: Մեր օրենսդրությունը օրենսդրական կատարելության առումով ավելի բարձր է, քան այն երկրներինը, որոնց հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»: Գնահատելով պետական գնումների համակարգը՝ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում:
Փորձագետը ներկայացրեց նաև 2011- 2014 թվականների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի 2011-12 թվականներին թափանցիկության առումով կային խնդիրներ, 13 թվականին որոշ չափով վիճակը բարելավվել էր, իսկ 2014-ին արդեն հետընթաց է գրանցվել թե՛ հրապարակայնության և թափանցիկության և, թե՛ իրական մրցակցություն ապահովելու առումով:
2011 թվականից գործող «Գնումների մասին» օրենքով պետական մարմինները պարտավոր էին տեղեկատվություն հրապարակել գնումների պաշտոնական կայքում, տեղեկատվություն տեղադրել բողոքարկման վերաբերյալ հայտարարգրերի և լսումների անցկացման վերաբերյալ: Նույն պահանջն է ամրագրված նաև ԱՀԿ պետական գնումների մասին համաձայնագրում, որին Հայաստանը միացել է 2011-ին: Սակայն այդ պահանջները ոչ միայն լիարժեք չեն կատարվում, այլև դրանք իսպառ անտեսելու միտում է նկատվում:
Հայաստանում բավականին ռիսկային և տարածված է մեկ անձից գնումներ կատարելու ավանդույթը:
Արտակ Մանուկյանի փոխանցմամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ եթե 2011-13 թթ-ը մեկ անձից գնումներ կատարելու ցուցանիշը միջինը 65 տոկոս էր, ապա 2014 թվականի առաջին վեց ամիսներին այդ ցուցանիշը հասել է 55 տոկոսի, «այդպիսի շուրջ 10 հազար պայմանագիր է կնքվել: Այս առումով շատ են չարաշահումները հատկապես մարզպետարաններում:»
2011 թվականին անդամակցելով ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրին, Հայաստանը նաև պարտավորություն է ստանձնել ոչ խտրական մեթոդով գնումներ կատարելու, այսինքն նախապատվություն չտալ ոչ տեղական և ոչ էլ դրսի արտադրողներին: Մինչդեռ, ըստ Արտակ Մանուկյանի, Ռուսաստանի օրենսդրությամբ գնային առաջարկների 15 տոկոսի չափով նախապատվությունը տրվում է հայրենական արտադրողներին: Հայաստանը ԱՊՀ անդամ երկրներում միակն է, որ միացել է ԱՀԿ համաձայնագրին և գնումների մասին օրենսդրությունը համապատասխանեցրել համաձայնագրի պահանջներին: «Փաստորեն իրավաբանական կազուս է առաջանում:
Մի կողմից անդամակցել ենք ԱՀԿ համաձայնագրին և ստանձնել այլ պարտավորություններ, մյուս կողմից ստորագրել և պատրաստվում ենք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ երկրներում օրենսդրական այլ պահանջներ են գործում: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է կառավարությունը լուծելու այս հակասությունը»,- ասաց Արտակ Մանուկյանը հավելելով, որ մաքսային գոտուն անդամակցությունը լրջագույն խնդիրներ կառաջացնի գնումների բնագավառում: